Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, այլ խոր համոզմունքով և մաքուր զգացմունքով, գրող-բանաստեղծի դատողությամբ, որ անում եմ այն, ինչը ազնիվ է և լավ։ Այդպես էի ես հասկանում ժողովրդի շահերը։

Ինչ վերաբերում է Կովկասում ռուսական իշխանության նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքին, դրա մասին, մի պատմական ուսումնասիրության մեջ, ես արտահայտել եմ իմ անձնական կարծիքը՝ հիմնված պատմական փաստերի վրա, որր վերցվել է բնակարանիս խուզարկության ժամանակ, գրված էր հայերեն, ռուսերեն մեջբերումներով, «Վերք Հայաստանին» (Երևանի առումը) և հայոց պատմությունը» վերնագրով, ինչը պետք է տպագրվեր առանձին բրոշյուրով՝ Աբովյանի «Վերք Հայաստանի» գրքի տպագրության 50-ամյա տարելիցի կապակցությամբ։ Հեղինակը ողջունում է ռուսական իշխանության հայտնվելը Կովկասում, հայ ժողովրդի երջանիկ ու հանգիստ կյանքի իրականացումը[1]։ Չնայած հոդվածն ավարտված չէ, բայց Դուք պարզորոշ կտեսնեք իմ աշխարհայացքը, և ես համոզված եմ՝ այդ բոլորը լիովին բավարար է ապացուցելու համար, թե ես այն մարդը չեմ և ոչ այն ուղղության, ինչ ինձ են վերագրում մութ ուժերը՝ Ձեզ գցելով թյուրիմացության մեջ, և ենթադրել են տալիս, թե ես պատկանում եմ այս կամ այն հեղափոխական կուսակցության, մինչդեռ ես ամեն բանում գործել եմ ինքնուրույն, իմ անձնական համոզմունքով, միշտ հանուն խաղաղության, կյանքի խաղաղ առաջընթացի։ Դրա համար, եթե ես արժանի չեմ քաջալերանքի, ապա առավել ևս արժանի չեմ որևէ պատժի։

Տոմս № 2499

1909 թ., հունվարի 4,

Մետեխի բերդ

  1. Վերքի» հրատարակության 50-ամյակը լրացավ 1908 թ․։ Նույն թվականի հունիսին տպագրված «Հայոց գրականության 50-ամյակը» հոդվածում (Վտ, 1908, № 119, ԱՀ 6, 158—159) Թումանյանը կոչ էր անում հոբելյանը առիթ դարձնելով՝ ձեռնարկել նոր գործերի, ինչպես գրականության, այնպես էլ հայ մշակույթի ասպարեզում ընդհանրապես։ Այդ հոբելյանի առիթով է բանաստեղծը սկսել վեպին նվիրված իր ստվարածավալ ուսումնասիրությունը՝ «Երևանի կռիվը և Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» իբրև պատմություն», «Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» և 1825 թ. ռուս-պարսկական պատերազմը», «Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» և ռուսաց զինվորական տարեգրությունը», «Երևանի առումը և հայոց պատմությունը» վերնագրերով (անավարտ է, առաջին անգամ տպագրվել է Եժ VI, 253—321, ապա՝ ԱՀ 8, 97—234)։