Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ կողմից մինչև հիմա ներկայացրած փաստերը ցույց են տալիս այն աղաղակող թյուրիմացությունները, որոնք, ցավոք, ունեն տխուր և միաժամանակ անհեթեթ կողմեր։

Պարզվում է, որ ինձ՝ ժողովրդի ղեկավարիս, նրա մեջ մեծացած, նրան լավ ճանաչող բանաստեղծիս — Դուք համարում եք այնքան տգետ, նրա կյանքի ուժը, հասկացությունները և պահանջները չհասկացող մեկը, որը քիչ համարելով հոկտեմբերի 17-ի մանիֆեստի տվածը, մտածում է, թե այդ ժողովուրդը կարող է կամ պետք է շարժի նաև ամբողջ Ռուսաստանի ընդհանուր գործը, այն ժամանակ, երբ ինքը՝ Ռուսաստանը, արդեն հանդարտվել է։

Բացի դրանից, պարոն ռոտմիստր, հունվարի 3-ի հարցաքննության Ժամանակ, երբ ես հայտնեցի իմ կարծիքը, թե պետք չէ հետապնդել դաշնակցությանը, քանի որ այդ կուսակցությունը արդեն բնական ճանապարհով վերանում է և հալվում, Դուք ասացիք — «Ո՛չ, նա շարունակում է գոյություն ունենալ և ահաբեկչություն կատարել»։ Նշանակում է՝ Դուք ինձ մեղադրում եք այն բանում, որ ես ընդունակ և մասնակից եմ ահաբեկչական արարքների․․․

Դա ինձ, որպես բանաստեղծի, խորապես վրդովում է, և ինձ վշտացնում է ոչ թե որևէ պատիժ, այլ այն հանգամանքը, որ ինչ-որ մեկի աչքում ես կարող եմ հանդես գալ այդպիսի սուբյեկտի դերում։

Նման մեղադրանք այժմ ես տեսնում եմ Թիֆլիսի ժանդարմական վարչության կողմից, և նա միևնույն ժամանակ հանդիսանում է իմ դատավորը։ Բայց ժանդարմական վարչությունը, որը կասկածներին և ասեկոսներին այդքան հսկայական նշանակություն է տալիս և տեսնում է այն ամենը, ինչ կատարվում է մութ անկյուններում, ինչպե՞ս, հարցնում եմ ես, կարող է անտեսել մարդուն ամբողջովին, նրա հոգին և գործերը, որոնք իրենց դրսևորումներով բացահայտորեն ներկայացված են հասարակության գնահատականին։

Վերագրելով ինձ հայտնի ուղղությունը, Դուք ենթադրում եք, որ ես կարող եմ այդ ճանապարհին հեղափոխականների նման զենք օգտագործել։ Իսկ ինչպե՞ս կարող էր պատահել, որ ես չօգտվեի մի այլ զենքից, իմ բանաստեղծական տաղանդից և իմ գրչից, որոնք, Դուք էլ կհամաձայնեք, ավելի զորեղ են ամեն մի ատրճանակից․․․ Ոչ մի տեղ չե՛ք կարող դա ցույց, տալ։ Չե՛ք կարող, բայց, այնուամենայնիվ, ես նստած եմ բանտում, իմ ընտանիքը անօգնական է, տղաս՝ դասերից գրկված գիմնազիստը, ինձ հետ է։

Կարող է պատահել, որ իմ այս խոսքերը Ձեզ համար առանձին նշանակություն չունենան, համենայն դեպս ասում եմ, քանի որ լռել չեմ կարող։