Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Սույն թվականի հունվարի 3-ի ցուցմունքի երրորդ լրացում

Չնայած իմ նախորդ գրավոր փաստացի դիմումներին և նկատի ունենալով, որ բացարձակապես անմեղ լինելով ես և որդիս մինչև հիմա մնում ենք կալանքի տակ, ստիպված եմ մի անգամ էլ Ձեզ անհանգստացնել և ավելացնել մի փաստ ևս այն ակնհայտ և անհերքելի փաստերին, որոնք Ձեզ ներկայացրել էի, և որոնք ապացուցում են խռովությունների տարիներին իմ լիովին զբաղված լինելը միայն հաշտարար գործերով և միշտ իշխանության գիտությամբ։

1905 թվականին, երբ ես մեկնեցի հայրենիք, այնտեղ թափառում էին իրենց հեղափոխական կոչող տարբեր օտարամուտ մարդիկ, բնակչությունից հարկեր էին բռնագանձում, տեր ու տնօրինություն էին անում առանց որևէ արգելքի։ Տեսնելով այդ գործողությունների վնասակար ազդեցությունը և կանխագուշակելով դրանց կործանարար հետևանքները, ես խորհրդակցության հրավիրեցի իմ անվանի հայրենակիցներին։

Նշանավոր բանաստեղծի և հայտնի տոհմի զավակի իմ բարոյական ազդեցության շնորհիվ որոշվեց վտարել մեր հայրենիքից նման պարոններին, վերացնել նրանց պարտադրած հարկերը։ Այդ որոշումը անհապաղ ի կատար ածվեց։

Իսկ երբ իշխանությունների գիտությամբ սպիտակ դրոշակով ուղևորվեցինք հարևան Ղազախի գավառը (դրա մասին ես գրել եմ իմ աոաջին ցուցմունքի առաջին լրացման մեջ սույն ամսվա 4-ին), այնտեղից արտաքսեցինք նաև հանրահայտ դաշնակցական Շհալուն իր ընկերների հետ, որոնք շահագործում էին Ղազախի գավառի գյուղերը։

Վկայակոչում եմ Բորչալուի գավառի ամբողջ Լոռու շրջանը՝ հայերին ու թուրքերին առանց խտրության։

Վերջապես, անդրադառնալով Բորչալուին ու բորչալվեցիներին, ով նրանց ծանոթ է, չի կարող խոսել հեղափոխության և հեղափոխականների մասին։ նման տարրերի հետքն անգամ այնտեղ չկա և չի եղել։ Այնտեղ իշխում էր գողությունը, կողոպուտը, սպանությունը և ամեն տեսակ չարագործություններ, որոնց ընդունակ է անարխիստը, խավարամիտ և ագահ մարդը։

Այդ մասին ժամանակին ես գրել եմ մեր գավառապետերին, և հետագա փաստերը ապացուցեցին իմ նկատառումների իրավացիությունը։ Այսպիսով, քաջ ծանոթ լինելով ինձ շրջապատող պայմաններին ու մարդկանց, ես մշտապես գործել եմ վարչակազմի գիտությամբ և նրա աչքի առջև, սպիտակ դրոշակը ձեռքիս, և այդ դրոշակը ես պահել եմ մաքուր ու անբասիր, ինչպես մաքուր ու անբասիր էին իմ զգացմունքները և բանականությունը։

Սակայն այսօր ինձ մեղադրում են նրանում, որ ես իբրև թե պատկանում եմ այժմ գոյություն ունեցող և ահաբեկչական գործողություն կատարող մի կուսակցության։