Ես մեղադրվում եմ դաշնակցական հեղափոխական կուսակցությանը իբրև թե պատկանելուս համար։
Ռոտմիստր Պրիգարային ուղղված իմ մի քանի գրավոր ցուցմունքներում ես հերքել եմ մեղադրանքը[1], միևնույն ժամանակ, ինչպես նրան, այնպես էլ ժանդարմական վարչության պարոն պետին խնդրել եմ ինձ ենթարկել մանրակրկիտ հարցաքննության, որպեսզի ես կարողանամ ապացուցել իմ անմեղությունը[2]։ Սակայն ապարդյուն։
Անկասկած, ժանդարմական վարչությունը համոզված է, որ ես մեղավոր եմ, այլապես չէր կարող արհամարհվել ինչպես իմ հասարակական գիրքը, այնպես էլ հայտնի գրող լինելս և ընտանեկան վիճակս՝ տասը երեխաների հայր, որոնցից ութը սովորում են տարբեր ուսումնական հաստատություններում, և որոնց պահում եմ գլխավորապես իմ գրչով։
Սակայն, հավատացնում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, դա միայն դժբախտ թյուրիմացություն է, որը տեղի է ունեցել ինձ անհայտ ինչ-որ բանից, և դրա համար այս խնդրագրով դիմում եմ Ձեզ՝ խոնարհաբար խնդրելով Ձեր պաշտպանությունը, եթե ինձ իրավացի և անմեղ համարեք։
Ավելի քան քսան տարի ես գրական ասպարեզում եմ, երբեք չեմ լքել իմ աշխատասենյակը և գրականության բնագավառում չեմ հետաքրքրվել ո՛չ քաղաքացիական, ո՛չ քաղաքական հարցերով, դրանցից դուրս համարելով իմ պոեզիայի բնագավառը։
Սակայն, դժբախտաբար, ինչպես բոլոր խաղաղասեր աշխատավորների, այնպես էլ գրողների համար, երեք տարի սրանից առաջ, 1905—1906 թթ., մեր երկիրը հայտնվեց այնպիսի ահավոր վիճակում, որ ամեն ինչ դուրս եկավ իր կանոնավոր հունից, ես էլ դրանց հետ։
Բանն այն է, որ 1905 թ., երբ Թիֆլիսում սկսվեցին անկարգություններ, ես իմ ընտանիքով հեռացա քաղաքից Բորչալուի գավառի Շուլավեր գյուղը[3], որտեղ մենք ունենք սեփական տուն, իսկ այնտեղից՝ դեպի նույն գավառի հայրենի Լոռի, որտեղից ես ոչ մի անգամ դուրս չեմ եկել մինչև 1906 թվականը[4]։
Այդ տարիներին, 1905—1906 թթ., երբ համարյա ամեն մի մարդ հայտնվում էր գործունեության ասպարեզում և ցույց էր տալիս, իր ինչ լինելը, ապա թե ինչպիսին էի ես — դա ունի էական նշանակություն։
Բորչալուի գավառում իր իսկ գավառապետի՝ Կոստանդին Զախարևիչ Շանշիևի՝ Թիֆլիսի այժմյան գավառապետի, խնդրանքով ես ամեն կերպ աջակցում էի նրան՝ խաղաղություն և հանդարտություն պահպանելու համար։ Իսկ նրա՝ գավառից մեկնելու ժամանակ, երբ շուլավերցիները և գավառի ներկայացուցիչները հյուրասիրում էին նրան հրաժեշտի ճաշկերույթով, նրա անբասիր գործունեության համար շնորհակալական խոսք էին ասում, ապա նա՝ պ. Շանշիևը, ի թիվս սակավաթիվ մարդկանց հրապարակավ շնորհակալական խոսք ասաց իմ համագործակցության համար՝ թախանձագին խնդրելով, որ գավառի մտավորականությունը սատարի նաև
- ↑ Տե՛ս 1909 թ. հունվարի 3-ի բանավոր հարցաքննության նույն ամսի 4-ի, 12-ի, 17-ի և փետրվար-մարտ ամսին ներկայացրած գրավոր ցուցմունքները։
- ↑ Տե՛ս հունվարի 24-ին գրած խնդրագրագիրը։
- ↑ Ինչպես նախորդ փաստաթղթում, այնպես էլ այստեղ, բանասաեղծը դիտավորությամբ կամեցել է ստվերի մեջ թողնել իր քաղաքական-հասարակական գործունեությունը սկսած անցյալ դարի 80-ական թվականների վերջերից և, հատկապես, 90-ական թվականներին, ինչպես և 900-ական թթ, սկզբին (այդ մասին տե՛ս Ա. Իննիկյան, 353-389, Լ. Կարապետյան, 7-22)։
- ↑ Տե՛ս № 1 նամակի № 1 ծանոթագրությունը։