կալանքի պատճառով լույս չի տեսնում «Հորիզոնի» հունվարի 20-ի համարը, և պակասում է նոր բաժանորդների թիվը (տե՛ս Լիսիցյանին գրված ապրիլի կեսերի նամակը)։ Իր այդ մեկօրյա բանտարկության մասին Թումանյանն ակնարկներ ունի նաև նույն թվականի փետրվարի 15-ի և ապրիլի երկրորդ տասնօրյակի նամակներում։ Այդ բանտարկության մասին հետաքրքիր դրվագ պատմում է Մարգար Ավետիսյանը (տե՛ս ԹԺՀ, 189)։
Տպագրվել է ՈԻՀ 3, 350։
Թարգմանություն
ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ԺԱՆԴԱՐՄԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
ԴԻՄՈՒՄ
Հունվարի 19֊ի բնակարանիս խուզարկության ժամանակ ժանդարմական վարչության գրավոր կարգադրությամբ բռնագրավվել են իմ ձեռագրերը։ Նույն ամսի 27֊ին ես ետ ստացա ձեռագրերի պարկը, որից երկու փաթեթը իմս չէին, այլ պատկանում էին Կոլմանովային, իսկ իմ ձեռագրերից պակասում էին մի քանի անտիպ, անավարտ պոեմներ, հեքիաթներ և մի դրամա, որոնք շատ թանկ են ինձ համար։ Ես ոչ մի րոպե չեմ կասկածում, որ ժանդարմական վարչությունը դրանք պահել է արգելված լինելու պատճառով, ուստի, վերադարձնելով Կոլմանովայի փաթեթները, որոնք գրանցվել են իմ փաթեթների թվում, խոնարհաբար խնդրում եմ գտնել և վերադարձնել իմ ձեռագրերը։ Իսկ եթե ինչ-որ պատճառով դրանք առգրավվում են, ապա խնդրում եմ բարեհաճեք դրա մասին հայտնել ինձ։
28 հունվարի, 1911 թ.,
քաղաք Թիֆլիս,
Վոզնեսենսկայա փողոց, №18
1 Կորած ձեռագրերի մեջ էին հատվածներ «Հին կռիվը» և «Հազարան բըլբուլ» պոեմներից, մի պոեմ, որը սկսվում է «Ես վայր եմ իջնում հայոց լեռներից…» տողով, «Քաջ Նազարի» 1908 թ. մշակումը և այլ նյութեր՝ բոլորն էլ անտիպ։ Տարիներ անց բանաստեղծը երկու անգամ օրաթերթերում հիշեցրել է հասարակությանն այդ ձեռագրերի անհայտանալու մասին, բայց անօգուտ, կորած նյութերի ճակատագիրը մնացել է անհայտ (տե՛ս Հր,. 1915, № 243, Հջ, 1919, № 11 ):