Գեղեցիկ ճանապարհ է։
Անցանք Վրաստանի միջով (մի մասի)։ Իսկի նման չի մեր երկրին՝ Հայաստանին։ Վրաստանը ավելի մեղմ է ու քնքույշ, օդն էլ ավելի մեղկ։ Եվ ձեռաց հասկանում ես վրացու տիպը։ Մեր երկիրը ավելի կոշտ է ու մարդն էլ էնպես։ Ուրիշ բան է, երբ Վրաստանի հովիտները վերջանում են ու բարձրանում ես Կովկասի լեռները— մի խիստ ու նախնական գեղեցկություն։ Չորս կողմից ճնշում են հոյակապ լեռներն ու իրենք ձգվում դեպի վեր։ Բնության մի զարհուրելի կռիվ կա այստեղ — հեղեղները շարունակ քանդում են լեռները ու իրենց հետ ներքև են բերում ահագին քանակությամբ քար ու ժայռ, ձորերը թափում, ճամփեքը կապում։ Ճամփեն անցնում է շարունակ նեղ ու խոր հովիտով—երկու կողմից կախված են մռայլ ժայռերը— կանաչ դիք սարերը ու սարերի լանջերին էստեղ֊էնտեղ կպած են մի քանի տուն կամ մի տուն՝ փաթաթված ծառերի փնջի մեջ։ Բայց սաստիկ վատ ազդեց, երբ լեռնականների երեխաները ճամփին շրջապատեցին մեր կառքը—ու սկսեցին փող ուզել, ոմանք պարելով լեզգինկա կամ մի ուրիշ բան ու գլուխկոնձի տալով վազում էին կառքի հետ—մինչև մի բան տաս։ Ամենալավ դեպքում առաջարկում են մոշ, մոռ, կամ այլ պտուղ։ Իհարկե, էս էնքան վատ չի, որքան փող ուզելը։ Իսկ որտեղ պտուղ չկա, ծաղկի փունջ են գցում կառքի մեջ։ Իրիկունը Գուդաուր մտնելիս մեր կառքը ծաղկեփնջերով լցրին։
Այստեղ մեզ տվին «Գեներալսկի» սենյակը․ լավ ժամանակ անցկացրինք ու տաք քնեցինք ցրտի մեջ.
Այժմ որ գրում եմ—կողքիս բարձրանում են սարերի