նաև հայ մշակութային այլ հիմնարկոլթյունների գործունեությանը և կարիք եղած դեպքում օգնելու։ Հաղորդման տակ ստորագրել են Կոստանդին Ալիխանյանը, Հովհ. Թումանյանը, Մինաս Բերբերյանը, Գևորգ Խատիսյանը, Համբարձում Մելիքյանը, Փիլիպոս Վարդազարյանը, Սիրական Տիգրանյանը և ուրիշներ (20 հոգի):
Հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին, տեղի է ունեցել հիմնադիր ժողովը Հովհ. Թումանյանի և Կ. Ալիխանյանի նախագահությամբ։ Մ. Բերբերյանը ծանոթացել է ընկերության կանոնադրությանը։ Այդ օրը ստորագրել և Թիֆլիսի վաճառականական բանկն են դրել 100000 ռ.։ Նույն ժողովում որոշվել է ընկերության հիմնադրման մասին հեռագիր ուղարկել Ն. Մառին և խնդրել նրա «մոտիկ աջակցությունը» (Հր 1917, № 81 )։ Գործը շարունակվում է նաև 1917-ի ամռանը Պյատիգորսկում (տե՛ս Թումանյանի գրած նամակները Փ. Վարդազարյանին, Կ. Ալիխանյանին և ուրիշների)։
Աշնանը հայտարարվում է, որ Կիսլովոդսկում անդամագրվել են 30 հոգի, ագուլեցի մի վաճառական մի քանի տասնյակ հազար է տրամադրել Հայկազյան ընկերությանը՝ Ագուլիսի բարբառի (զոկերենի) ուսումնասիրության համար (Հր, 1917, №226)։ Նոյեմբերի սկզբներին հայտարարվել է, որ տեղի են ունենում Հայոց հայկազյան ընկերության վարչության նիստերը՝ հայոց առաջիկա համալսարանի պրոֆեսորներ պատրաստելու, հայագիտական ակադեմիայի հիմքը դնելու համար (Հր, 1917, № 235), որ ընտրվում են գիտնականներ (ինչպես երևում է Տ. Հովհաննիսյանի գրած 1916 թ. հունիսի 3֊ի նամակից՝ Ն. Աղբալյանին, Մ. Մատենճյանին)։
Չնայած Թումանյանի գործադրած այս հսկայական նախապատրաստական աշխատանքին, Հայկազյան ընկերությունը չի բացվում՝ Ռուսաստանից Կովկասի անջատվելու, թուրքերի նոր հարձակումների հետևանքով (ընկերության մասին մանրամասնությունները՝ Լ. Կարապետյան, Թումանյանը և Հայկազյան ընկերությունը հոդվածում, ՈւՀ 5, 94 —124)։
2 Ն. Մառի պատասխանը չի պահպանվել։
3 ՀԳԿԸ վարչության 1916 թ. մայիսի նիստում որոշվել էր բացել հայ գրականության դասընթացներ (Հր, 1916, № 116)։ Դա նույնպես չի իրականացել ՀԳԿԲ գործունեության դադարեցման պատճառով։ Ընկերության վարչության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգի հարցերից մեկը կրկին այդ դասընթացներին էր վերաբերում, որոշվում է հրավիրել խորհրդակցություն, որին պետք է մասնակցեին Մ. Մատենճյանը, Մ. Աբեղյանը, Ստ. Լիսիցյանը, Սմբ. Տեր֊ Ավետիքյանը, Հ. Քաջազնունին, Գ. Իփեկյանը։
Դասախոսություններ կարդալու Մառին արված առաջարկը վերաբերում էր հայ գրականության այդ դասընթացներին։ Քանի որ սեպտեմբերի 3-ի նիստում որոշվել էր վերսկսել ընկերության պարբերական երեկույթները, չի բացասվում, որ Թումանյանի առաջարկությունը ևս այդ մասին էր։