Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

251. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս—Աստրախան

(էջ 256)

Նոյեմբերի 6

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 413։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, հասցեատիրոջ՝ Աստրախանում գտնվելու փաստով։

Տպագրվել է ՀՀ, 1994, № 33:

1 Մինչև այս նամակը բանաստեղծը Մեսրոպ Տեր֊Մովսիսյանից ստացել էր երկու նամակ՝ գրված 1916 թ. սեպտեմբերի 15-ին և հոկտեմբերի 15֊ին (ԳԱԹ, Թֆ, № 900, 901)։

2 Հակոբ Քոչարյանն է՝ Ազգային բյուրոյի քարտուղարը:

3 Խոսքը վերաբերում է Ազգային բյուրոյի տրամադրության տակ դրված գումարներին։ Անդրանիկ զորավարն իր նախաձեռնությամբ հանգանակության միջոցով հավաքել էր բավականաչափ գումար՝ փախստական հայերին օգնելու համար: Բացի դրանից, գումար էր ստացվել նաև Ռուսաստանից։ Նա պահանջում էր մանրամասն հաշիվ, պնդում, որ դրամը ծախսող բարեգործական հիմնարկներում աշխատանքի անցնեն Արևմտյան Հայաստանի վեց նահանգներից վեց ներկայացուցիչ, որպեսզի հնարավոր դառնա խստորեն հետևել գումարների ծախսմանը («Զորավար Անդրանիկը կըխոսե», 1921, Փարիզ, էջ 30)։

Ժամանակի ընթացքում խոսակցություններն այլ կերպարանք են ստանում։ Մեղադրում են նաև Ազգային բյուրոյի պատվավոր նախագահ Մեսրոպ եպիսկոպոսին, որն իբրե թե Թիֆլիսից Աստրախան նոր պաշտոնատեղին մեկնելով, հաշիվ չի ներկայացրել դրամի ծախսման մասին։

4 Այդ կապակցությամբ մամուլում հանդես է եկել Ալ. Խատիսյանը (որպես Ազգային բյուրոյի նախագահի տեղակալ) և ի պաշտպանություն նախկին նախագահի հայտարարել, թե խոսակցությունները միանգամայն անհիմն են, քանի որ ծախսված և թողած դրամի մասին կան մանրամասն արձանագրություններ և տեղեկություններ (Հր, 1917, № 68)։

5 Կենտրոնականի մարդկանց գրելով Թումանյանը նկատի ուներ փախստականներին օգնող հայկական կենտրոնական կոմիտեի անդամներին, նախագահը Սամսոն Հարությունյանն էր։

6 Մխիթար եպիսկոպոսը Վրաստանի և Իմերեթի հայոց հոգևոր թեմի նոր առաջնորդն էր, նույն պաշտոնը նա վարում էր Աստրախանում Մեսրոպ Տեր–Մովսիսյանից առաջ։

7 Հայկազյան ընկերություն կազմակերպելու Թումանյանի նախնական բանակցություններն են (տե՛ս № 249 նամակի № 1 ծանոթագրությունը)։