Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



272. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆԻՆ

Պյատիգորսկ-Վլադիկավկազ

(էջ 279)

Հոկտեմբերի 9

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 404։

Տպագրվել է ԵԺ V, 432։

1 Այդ նամակը չի պահպանվել։

2 Խոսքը վերաբերում է Վլադիկավկազում ապրող գործարանատեր, առևտրական Գերասիմ Լիսիցյանին։

3 Նոր Նախիջևան մեկնելու նպատակն էր բաժանորդագրություն սկսել Հայկազյան ընկերության համար, Թիֆլիս փոխադրել Միք. Նալբանդյանի արխիվը և ՀԳԿՕ, ճյուղ բանալ։

4 Թիֆլիսից ստացված լուրերը ամենայն հավանականությամբ առընչվում էին սեպտեմբերի 29-ին սկսված Հայոց ազգային խորհրդաժողովի (Արևելահայ առաջին համագումար) ընթացքին։ Այստեղ քննարկվելու էին ազգային, քաղաքական, հասարակական, մշակութային հարցեր՝ Ազգային բյուրո, կամավորական շարժում, Կովկասի վարչական բաժանում, Ղարաբաղի խնդրի լուծում, գաղթականության հետ կապված հարցեր և այլն։ Այստեղ է ստեղծվում Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ)։ Ժողովը բազմակուսցական էր և, բնականաբար, յուրաքանչյուր հարցի քննարկում առաջացնում էր բուռն վեճեր, առիթ դառնում անախորժությունների, որոնց մասին տեղեկությունները հասնելով Թումանյանին, խռովում էին նրա հոգին (ի դեպ այդ ժողովում է Անդրանիկը վերջնականապես հեռացել դաշնակցությունից)։ Նրան չէր կարող չհետաքրքրել լուծարված Ազգային բյուրոյի մասին Սամսոն Հարությունյանի զեկուցման քննարկումը (բանաստեղծը եղել էր բյուրոյի կենտրոնական կոմիտեի անդամ), որը տեղի էր ունենալու հոկտեմբերի 11—12-ը։ Եվ, չնայած այդ բոլորին, նա, այնուամենայնիվ, չի շտապել մեկնել Թիֆլիս. հնարավոր է՝ դիտավորությամբ (խորհրդաժողովի մասին մանրամասները՝ Անդրանիկ Չելեպյան, Զորավար Անդրանիկ, Ե., 1990, էջ 383-386, Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկի ժամանակը, Գիրք Ա, Ե., 1996, էջ 592 — 632):

273. ԳՐԻԳՈՐԻ ԴԻԱՍԱՄԻՉԵԻՆ

Թիֆլիս

(էջ 279)

Հոկտեմբերի 20—24

Ինքնագիրն անհայտ է։ Մոտավոր ժամանակը որոշվում է ըստ հոկտեմբերի 25-ին գրված այս նամակի պատասխանի։