Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

55 Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ
60 Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
— Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:
65 Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:
70 Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,
75 Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած
80 Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:

99