75
Ու ջուրը քանի ալիք է տալի,
Նա էլ ջըրի հետ գընում է գալի:
Նայում են վերև: Ի՜նչ տեսնեն, աստվա՜ծ.
Մի հուր-հրեղեն, մի շարմաղ աղջիկ,
Ծառի ճյուղերին նազելի նըստած՝ 80
Նայում է ներքև լըռիկ ու մընջիկ.
Մի սիրո՜ւն աղջիկ արմանք ու զարմանք:
Զարմանք է պատում խեղճ ծառաներին.
Տեր աստված, արդյոք ի՞նչ հըրաշք է սա,
Վայրի անտառում իջած էս ծառին:
85
— Ո՞վ ես, չըքնաղ, տեսի՞լք ես դու,
Թե՞ հողեղեն արարած.
Թե տեսիլք ես՝ կաց մի քիչ էլ,
Թե աղջիկ ես՝ արի ցած:
Ցած ե՛կ տեսնենք՝ ի՞նչպես եղավ, 90
Որ ծագեցիր դու մեզ մոտ.
Ի՞նչ ցավ է քեզ արդյոք բերել
Մեր աշխարհքը անծանոթ:
— Մեզ որբության ցավն է բերել
Ձեր աշխարհքը անծանոթ: — 95
Ձայն է տալի ծառի վըրից
Մեր Մանուշը ամաչկոտ: —
Մենք տուն չունենք, ոչ ապավեն
Էս լայն-արձակ աշխարհքում,
Մութն էլ հիմի շուտով կընկնի, 100
Վախենում ենք անտառում:
Ու ծառաները գառն ու աղջկան
Առնում են բերում պալատն արքայի:
«Ո՞վ ես դու, սիրուն, — հարցնում է արքան, —
Անբան գառան հետ ի՞նչ ես ման գալի»: