Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եկե՜ք, ձկնորսնե՜ր, ուռկան ձըգեցե՜ք,
Հանեցեք ծովից մեր լավ Մանուշին.
195 Եկեք, դահիճնե՜ր, ծովը ձըգեցեք
Կախարդ պառավին ու էս հըրեշին։

Էսպես բարկացած գոռում է արքան,
Ժողովուրդն ամեն թընդում է ցավից,
Գալիս է կանգնում, ձըգում է ուռկան,
200 Անմեղ Մանուշին հանում է ծովից։

Հանում է ծովից, գահին բարձրացնում,—
Կրկին թագուհի ու տիկնանց տիկին.
Գառնիկ–Ախպերն էլ անչափ խընդումից
Պատռում է իրեն ոչխարի մորթին,
205 Դուրս գալի, կանգնում սիրուն տղամարդ,
Ճակատը պայծառ, աչքերը վառ–վառ,
Ոչխարի տըկար մայունի տեղակ
Մարդկային լեզվով ազատ ու ճարտար։

Իսկ չար պառավին, իրեն աղջըկան,
210 Որ խաբել էին աշխարհ բովանդակ,
Վըզներից կապում ջաղացի քարեր,
Ձըգում են ծովի անդունդը անտակ։

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
     215 Առած պատիվ, գահ ու թագ.
      Աշխարհքն էլի
      Խաղա՜ղ ու լի՜,
      Չարը թաղված ծովի տակ։

136