Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

      Գըլխիս էսպես փորձանք բերավ,
      Ձագուկներըս տարավ, կերավ:
      — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
      Ինչպես իզուր խաբվել ես դու
95 Սուտ խոսքերից չար Աղվեսի:
      Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
      Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
      Սարն ամենքիս է հավասար…
      Ո՞վ կըթողնի վեր կենա նա
100 Ամբողջ սարին գա տիրանա,
      Անունը տա սըրած կացնի,
      Սրան-նրան սուտ վախեցնի,
      Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
      Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
105 Սև գրողի էն տարածին
      Ո՞վ է տըվել սըրած կացին:
      Մին էլ որ գա ու սպառնա,
      Մի՛ վախենա, քըշի գնա:
      Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին
110 Աղվեսն եկավ:
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է…
      Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,
115 Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,
120 Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կըտրես:

140