55
Գալիս է գերին, գալիս է նորից,
Անցել է թիվը հազար հազարից,
Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին,
Չի կանգնում հայի հոսանքն ահագին։
Երրորդ անգամ է կանչում զորքերին։ 60
Գալիս է անցնում մընացած գերին։
Անցնում է գերին, անցնում շարեշար,
Էլ մարդ չըմնաց, գընա՜ց ինչ որ կար,
Դատարկ է սակայն վանքը տակավին…
Թեմուր զարհուրած դառնում է չորս դին. 65
— Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա…
Հայտնեցեք ինձ շո՜ւտ, ի՞նչ հըրաշք է սա…
Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած—
Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ. 70
Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին, 75
Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։