Կանգնած են անշարժ զինակիր, ասպետ,
Լուռ են արքայի կոչին [խելագար], 15
Նայում են ահով ահռելի ծովին,
Չըկա խիզախող գավաթի համար,
Ու երրորդ անգամ կանչում է արքան—
Մի՞թե ոչ մինը սիրտ չունի այնքան։
Լուռ են ամենքը։ Եվ հանկարծ մի քաջ 20
Համարձակ ահեղ գալիս է առաջ…
Քանդում է իրան թիկնոցն ու գոտին
Անմռունչ, հանդարտ դընում է գետին…
Տիկնայք, ասպետներ սարսափում են լուռ.
— Ա՜հ, ո՞վ ես, ջահել, ո՞ւր ես գնում, ո՞ւր…
25
Մոտենում է նա ժայռին սեպացած,
Ներքև սևեռում հայացքն անվեհեր։
Անդունդքի ծոցից հորձանքը պրծած
Խուլ որոտալով լեռնանում է վեր,
Կուտակում ալիք, ու փրփուրն եռում, 30
Ասես թե մըթնած երկինքն է գոռում։
Ոռնում է, շաչում, ծեծում, շառաչում
Հուրն ու ջուրն ասես մրցում են այնտեղ,
Սյունաձև շոգին երկինքն է թըռչում,
Ալիքն ալիքին ճնշում է անվերջ, 35
Ոչինչ չի հատնում, ոչինչ չի անցնում,
Ծովը իրենից նոր ծով է ծնում։
Ետ քաշվեց հանկարծ տարերքը հուզված.
Ճերմակ փրփուրը միջից պատռելով,
Մինչև դժոխքի հատակը [ասես] 40
Բաց արավ ծովը կոկորդը սև սև,
Եվ պըտըտվելով ջըրերը թընդում
Ու կուլ են գընում էն սև անդընդում…