Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանից հետո էլ Արտիկիս կորուստը գուժեցին նույն թվի դեկտեմբերին—և միառժամանակ նորից լռեցի, ապա թե փոխվեց և՛ տրամադրությունը, և՛ ձևը»։

Ինքնին հասկանալի է, որ այստեղ հիշատակված տխուր փաստերը, որոնք ծանր և անփարատ հետք են թողել բանաստեղծի հոգևոր աշխարհում, քառյակի ժանրին դիմելու արտաքին կենսագրական դրդապատճառներն են միայն։ Ստեղծագործական առումով ևս Թումանյանը 1916 և հետագա տարիներին հասել էր այնպիսի մակարդակի, որը նրան պիտի մղեր դեպի «բանաստեղծական մանրանկարի» ձևը։ Դա, ամենից առաջ, աշխարհի և մարդու մասին իմաստասիրական խորհրդածության հակումն էր, որը հատուկ էր նրան դեռ վաղ տարիներից և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հստակ և ավարտուն արտահայտության ձևեր էր որոնում: Մարմնավորվելով բանաստեղծական պատկերի բազմազան տեսակների մեջ՝ պոեմների և բալլադների օբյեկտիվ կերպարներից ու սյուժեներից մինչև խոհական բովանդակությամբ հագեցած շատ բանաստեղծություններ, Թումանյանի փիլիսոփայական մտորումները 10-ական թվականներին հասել էին արդեն այնպիսի խորության և որոշակիության, որ կարող էին արտահայտվել գիտական բանաձևի սեղմությամբ և հստակությամբ։ Եվ Արևելքի պոեզիայի ավանդական ձևերից մեկը՝ քառյակը (ռուբայի, բայաթի, հայրեն, կաֆա) դրա համար ամենից հարմար միջոցը դարձավ։ Քառյակը նաև հնարավորություն էր տալիս հասնելու ծայրաստիճան սեղմության, խոսքի միջոցների առավելագույն տարողունակության,—հատկանիշներ, որոնց Թումանյանը ձգտել է իր ողջ ստեղծագործական կյանքում։

Վերջին տարիների զրույցներում բանաստեղծը հաճախ է անդրադարձել քառյակներին, նրանց բնույթին և մտահղացման ազդակներին։ Ահա այդ բազմաթիվ ասույթներից մի քանիսը. «Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան»։ «Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են։ Ես առաջ Պուշկինի, Լերմոնտովի ազդեցության տակ էի, հիմա Արևելքին եմ գալիս. գալիս եմ դեպի մերը...»։ «Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստության, վեհության... Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի»։ «Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են» (տե՛ս Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Երևան, 1969, էջ 221, 224, 225, 305): Հետաքրքիր է նաև Թումանյանի այն խոստովանությունը, թե քառյակների մեծ մասը ինքը գրել է աշնան և ձմռան ամիսներին, երբ սենյակում միայնակ փակված, վառարանի կրակի մոտ, տրամադրվել է հանձնվելու խորհրդածության և ինքնազննման (նույն տեղում, էջ 225—226)։

Զրույցի ժամանակ Թումանյանի ասած խոսքերն այն մասին, թե ինքը քառյակներում գալիս է դեպի Արևելք, դեպի ազգային գրականության ակունքները, պետք է հասկանալ ինչպես կաոուցվածքի, ձևի, այնպես էլ թեմատիկայի ու բովանդակության առումով։ Հայտնի է, որ արևելյան