Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին։ Դրանք անխառն քնարերգության օրինակներ են, որոնց մեջ քնարական հերոսը լիովին համընկնում է բանաստեղծի անհատականության հետ, նրանց միջև որևէ սահման կամ տարածություն չկա։ Թումանյանի քառյակներին բնորոշ չեն կյանքի այն օբյեկտիվ պատկերները և նույնիսկ սյուժետային տարրերը, որ մենք տեսնում ենք հայ միջնադարյան հայրեններից շատերի մեջ։ Այստեղ բացակայում են նաև հայրենների մեջ գերակշռող սիրային և բարոյախրատական մոտիվները։ Աշխարհի և մարդու կեցության «վերին հարցերն» են Թումանյանի քառյակների հիմնական ոլորտը:

Քառյակների ձևական հատկանիշների, մասնավորապես՝ ոտանավորի կառուցման հարցերում ևս Թումանյանի համար ելակետ են եղել արևելյան տաղաչափության ավանդական սկզբունքները՝ իհարկե, ձևափոխվելով մեր ազգային ոտանավորի պահանջներին համապատասխան: Սակայն բուն հայկական «քառյակային ոտանավորի» ձևը՝ հայրենների տաղաչափական հայտննի կառուցվածքը,— 15-վանկանի տողաչափ՝ բաժանված 7 և 8 վանկանի կիսատողերի,— Թումանյանը ոչ մի անգամ չի օգտագործել: Ճիշտ է, 15-վանկանի տողաչափը նրա քառյակներում շատ հաճախ է հանդիպում, բայց ունի բոլորովին ուրիշ, ժամանակակից կաոուցվածք (քառանդամ բաժանում՝ 4+4+4+3 սկզբունքով) և այդ պատճառով էլ՝ էապես ուրիշ հնչերանգ:

Պետք է ուշադրություն դարձնել նաև քառյակների տաղաչափության մեջ ժամանակի ընթացքում կատարված մի էական փոփոխության վրա: Քառյակներ գրելու առաջին տարիներին (մինչև 1918 թվականը ներառյալ) բացաձակորեն գերիշխում է 7-վանկանի տողաչափը՝ 4+3 կառուցվածքով։ Այսինքն այն չափը, որն արևելքի պոեզիայում ավանդաբար կապված է եղել բայաթի ժանրային ձևի հետ (այդ չափն է կիրառված նաև Խ. Աբովյանի բայաթիներում): Ընդհանուր առմամբ՝ «բայաթու չափով» Թումանյանը գրել է 28 քառյակ[1] (օրինակ. «Զուր եմ փախչում, ինձ խաբում...»): Դրանցից վեցի մեջ առաջին տողերը կիսատ են (ընդամենը 3–վանկանի) և երկրորդի հետ միասին հնչում են այսպես. «Վերջացա՜վ... Կյանքըս մաշվեց, վերջացա՜վ»։ Սա ևս հաստատում է Թումանյանի այն խոստովանությունը, որ քառյակներ գրելու համար ազդակներ են եղել ժողովրդական բայաթիներն իրենց տրամադրությամբ ու ձևով: Թեև հետագա տարիներին ես 7-վանկանի չափով մի քանի քառյակ գրվում է, բայց 1919 թվականից սկսած նախապատվությունը ակնհայտորեն տրվում է 15-վանկանի տողաչափին (22 քառյակ), «Արևելքի /եդեմներին/ իջավ պայծառ/ իրիկուն...»։ Տաղաչափական այս անցումը կապված էր քառյակների

  1. Այս և հետագա թվական տվյալների համար հիմք է ծառայել Թումանյանի երկերի 1969 թ. քառահատոր հրատարակության երկրորդ հատորը, ուր զետեղված է ընդամենր 57 քառյակ։