Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ո՜Վ ԱՆՃԱՌ ՄԻՆ, ՈՐ ԱՄԵՆԻՆ ՄԻԱՅՆՈՒՄ ԵՍ ՄԻ ԿՅԱՆՔՈՒՄ»

(էջ 55, 346)

Գրված է 1921 թվականի օգոստոսի 3-ին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 109 և № 110 պահվում է երկու ինքնագիր:

Առաջին անգամ տպագրվել է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 64-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 214-րդ էջում։

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից։


«ԱՍՏԾՈՒ ԲԱՆՏՆ ԵՆ ՏԱՃԱՐՆԵՐԸ-ԱՇԽԱՐՀՔՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿ»

(էջ 56, 340)

Գրված է 1921 թվականի օգոստոսի 25-ին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 109-ում պահվում է մեկ ինքնագիր. Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է ևս մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին Երևանում հրատարակված Թումանյանի «Գեղարվեստական երկեր» շարքի 128-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 549-րդ էջում:

Տպագրվում է ինքնագրից։


«ԿՅԱՆՔԸՍ ԱՐԻ ՀԸՐԱՊԱՐԱԿ, ՈՏՔԻ ԿՈԽԱՆ ԱՄԵՆՔԻ»

(էջ 57, 346)

Գրված է 1921 թվականի սեպտեմբերի 5-ին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 109 և № 110 ֆոնդերում պահվում է երկու ինքնագիր։ Ինքնագրերից մեկի (№ 110) վերջում բանաստեղծը գրել է՝ «Պոլիս և հիվանդություն»։

Նվարդ Թումանյանը հիշում է բանաստեղծի հետևյալ խոսքերը. «...Քառյակներ է շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»:

Կյանքըս արի հրապարակ...

Ճի՛շտ որ հրապարակ– Պոլիս գնալիս ճամփին եմ գրեր (տե՛ս Նվարդ Թումանյան, էջ 305):

Թումանյանը Կ. Պոլիս է մեկնել ավելի ուշ՝ 1921 թվականի հոկտեմբերի վերջին։ Հետևաբար, այս քառյակի հեղինակային թվագրության (սեպտեմբերի 5) և Նվարդ Թումանյանի բերած խոսքերի միջև հակասություն կա, որը թերևս մոռացության արդյունք է (ինքնագիրը թվագրված է հետո՝ մատիտով)։ Սակայն հնարավոր է նաև, որ սեպտեմբերի 5-ին գրվել է քառյակի մեզ չհասած մի տարբերակ, որը Թումանյանը հետո վերամշակել է Պոլիս ուղևորվելու ճանապարհին։

Առաջին անգամ տպագրվել է Կ. Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 64- րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 215-րդ էջում։

Արտատպվում է Կ. Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։