Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու կատարյալը։ Բարձր իդեալի այդ անվերջանալի մղումն արտահայտվում է արքայադստեր, թիթեռներ դարձած անձնազոհ կտրիճների կերպարներում։ Այս դեպքում ևս ֆանտաստիկ ձևափոխությունը Թումանյանի հումանիստական զաղափարների դրսևորման միջոց է։ Հայ բանաստեղծն ինքնատիպ մեկնաբանություն է տվել արևելքի միջնադարյան և նոր ժամանակների արևմտյան գրականության մեջ բազմիցս օգտագործված կրակի և թիթեռի բազմանշանակ պատկերին։ Այդ պատկերը կապվում է բարձր իդեալի հավերժական ձգտման հետ, որը մշտապես ապրում է մարդկության սրտում չնայած բոլոր արգելքներին ու դժվարություններին։

Վերջապես, կարելի է առանձնացնել բալլադների մի երրորդ խումբ, որոնք արծարծում են ազգային-հայրենասիրական և քաղաքական կյանքի խնդիրներ, ներկայացնում պատմության դրվագներ՝ ի դաս ժամանակակից սերնդի։ Այս խմբի մեջ մտնող գործերի համար («Աղավնու վանքը», «Լուսավորչի կանթեղը», «Մի կաթիլ մեղրը», «Թագավորն ու չարչին») հիմնական աղբյուր են ծառայել միջնադարի գրականությունից քաղված առանձին սյուժետային դրվագներ, որոնք իմաստավորվում են արդիականության դիրքերից։ Այսպես, Արագածի գագաթին կախված մշտավառ ջահի ավանդությունը, որը գալիս է վաղ միջնադարից, Թումանյանը ներկայացնում է իբրեւ ազգային ազատության անմարելի հույսերի խորհրդանիշ։ Իսկ «Աղավնու վանքի» համար հիմք է ծառայել միջնադարյան մի հրաշապատում լեգենդ, որի տարբերակները գրի են առնվել XVIII դարի մատենագիր Ղազար Ջահկեցու գրքի, Միքայել Չամչյանի «Պատմություն հայոց» աշխատության և Ավգուստ ֆոն Հաքստհաուզենի ուղեգրության էջերում։ Այդ աղբյուրներից քաղված դրվագներն ու մանրամասները Թումանյանը վերահյուսել է մի նոր գեղարվեստական ամբողջության մեջ։ Բայց լեգենդի ֆանտաստիկ սյուժեն (գերյալ հայերի աղավնի դառնալու պատմությունը) նրան գրավել է ոչ թե իբրև կրոնական հրաշք, այլ որպես հայրենասիրական և հումանիստական գաղափարների հաստատման միջոց։

Նույնը կարելի է ասել նաև մյուս երկու բալլադների մասին։ «Մի կաթիլ մեղրի» ստեղծման համար անմիջական խթան է եղել Վարդանի առակների գրքում տեղ գտած համանման պատմությունը։ Սակայն միջնադարյան առակի սեղմ, արձանագրական սյուժեն բալլադում վերածվել է կենսական լիարյուն մանրամասներով հագեցած մի լայնածավալ համայնապատկերի, իսկ երկու գյուղերի կռիվն ի վերջո ձեռք է բերել համընդհանուր արյունահեղ պատերազմի չափեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ծագումից մի քանի տարի առաջ՝ 1909 թվականին գրված այս ստեղծագործության մեջ Թումանյանն ասեք կանխազգում էր մոտալուտ ապագան։ Երգիծական մեծ ուժով նա ցուցադրում էր պատերազմի անմարդկային և անհեթեթ բնույթը, նրա բերած անհամար չարիքները, մերկացնում աշխարհի տիրակալների կեղծ-հայրենասիրական դեմագոգիան։ «Մի կաթիլ մեղրը» դուրս է գալիս ազգային ու պատմական շրջանակներից և վերաբերում է բոլոր ժամանակներին։ Այն կարող է դասվել