Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի 2-րդ հատորի 62-65-րդ էջերում, հեղինակի հետևյալ ծանոթագրությամբ. «Այս ավանդությունը լսել եմ Լոռի և գրել տեղական բարբառով, որքան կարելի էր մեղմացնելով բարբառի կոշտությունը» (տրվում է «Տարբերակներ» բաժնում՝ հեղինակի ծանոթագրություններով): Այնուհետև՝ 1983 թվականին Թիֆլիսում հրատարակված «Դաշնակներ» շարքի 15-17-րդ էջերում, 1896 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Դաշնակներ» (փոփոխված) շարքի 15-17-րդ էջերում, 1903 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Բանաստեղծություններ» շարքի 3-5-րդ էջում, 1906 թվականին Ղ. Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքում, 1908 թվականին Բաքվում հրատարակված «Բանաստեղծություններ» ժողովածուի 65-68-րդ էջերում, 1908 թվականին «Լուսաբեր» դասագրքի Ա տարիի 32-34-րդ էջում, նույն թվականին՝ առանձին, պատկերազարդ գրքույկով, ապա՝ 1922 թվականին Կ.Պոլսում հրատարակված «Բանաստեղծություններ» շարքի 67-70-րդ էջերում և Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 265-267-րդ էջերու,:

Արտատպվում է Կ.Պոլսում հրատարակված «Բանաստեղծություններ» շարքից:

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
(«Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան»)
(էջ 92, 360)

Ակունքը ժողովրդական է: Այդ մասին Թումանյանը գրում է «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները»դարձավ «американская» հոդվածում. «Էդ առակը աշակերտ ժամանակս ես Լոռի իմ քեռուցն եմ լսել ու տպածների մեջ իմ առաջին գրվածքներից մինն է: Միայն «Ջրի պեպենակի» (թիթեռ)» տեղը ես գրել եմ ճայ: Մի ժամանակ (1885-1887) էդ տեսակ բաներ, ժողովրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց որովհետև չէի պահում, դես ու դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու կատուն», մին էլ «Անբախտ վաճառականները» (Թումանյան.երկերի ժողովածուի 4-րդ հատոր, էջ 118-119)»:

Նույն հոդվածից տեղեկանում ենք, որ Թումանյանին հայտնի են եղել այս ավանդության տարբեր մշակումներ: Օրինակ՝ «Չղջիկ, Մացառ ու Բադ». Առակք Լաֆոնթենի, թարգմանություն Մեսրոպ Նուպարյանց, Թիֆլիս, 1900, էջ 233-235:

Գրված է 1886 թվականին: Հետագայում բազմիցս ենթարկվել է վերամշակման: Այդ մասին 1916 թվականի օգոստոսի 12-ին Ց. Խանզադյանին ուղղած նամակում բանաստեղծը գրում է. «Շունն ու Կատվի» հետ միասին գրվածներից է և «Անբախտ վաճառականները, բայց նա, դեռ չտպված, հիմնական փոփոխության է ենթարկվել» (Թումանյան. երկերի ժողովածուի 5-րդ հատոր, էջ 415): Այն, որ բալլադի նախնական տարբերակը բանաստեղծը հիմնովին վերամշակել է, վկայում է նաև Գևորգ Ասատուրը. «Հովհաննես Թումանյանն այդ ոտանավորը 1891-ին կարդացել է իմ առաջ իր սկզբնական ձևով: Հեղինակը շատ էր տարվել ծովի նկարագրությամբ, և նրա ալեկոծության և նավի խորտակման նկարագիրը շատ էր երկարացրել (20-24 տող կլիներ մոտավորապես): Ես Հովհաննեսին նկատեցի, որ այդ երկար նկարագիրը կանգնեցնում է ընթերցողի ուշադրությունը ոչ էական մասի վրա, շեղելով գլխավորից և ձգձգում է երկը: Խորհուրդ տվի պահել նկարագիրը ուրիշ ավելի