պատվեր էր ստացել թարգմանելու բոլորը։ Մոտիկից ծանոթանալով Գրիմների կազմած ժողովածուին (ռուսերեն թարգմանության միջոցով), Թումանյանը եկավ վճռական եզրակացության, որ 1913 թ. մի նամակում նա ձևակերպել է այսպես. «ես ամբողջը չեմ թարգմանիլ; Կթարգմանեմ միայն էն հեքիաթները, որ ես հավանում եմ և կամ կարևոր եմ համարում» (ԵԺ V, 392), Մոտ տաս տարի անց, 1922 թ. Պ. Մակինցյանին գրած նամակում, մանրամասն անդրադառնալով այդ վաղեմի պատմությանը, Թումանյանը վկայում էր. «Նայեցի Գրիմի հեքիաթները և հայտնեցի, որ ես միայն մի քանիսը կթարգմանեմ… էղպես էլ արի։ Մի քանիսը թարգմանեցի, դեռ նրանց մեջ էլ — մի երկուսի մեջ—որոշ փոփոխություններ արի ու պատճառաբանված ավի իրենց։ Իհարկե, տպեցին… Գրիմները հազիվ մի քանի հեքիաթ ունեն մշակած։ Մնացածը ժողովրդական հեքիաթներ են, խառնած, աղավաղած ու փչացած» (ԵԺ V, 471—472)։
Ի՛նչ բնույթ ունեին Թումանյանի մտցրած փոփոխությունները։ Նախ, նա հրաժարվել է մի շարք այնպիսի մանրամասներից, որոնք, իր կարծիքով, խաթարում են դեպքերի ու կերպարների բնական զարգացումը կամ խորթ են ժողովրդական հեքիաթի ոգուն։ Հիմք ընդունելով օտարազգի հեքիաթների ռուսերեն թարգմանությունները, նա հաճախ դիմել է ժողովրդական նյութերի մշակման մեջ իր նախասիրած սկզբունքին, որի էությունը հետևյալն է. ազատորեն օգտվել տարբեր պատումների լավագույն դրվագներից ու մանրամասներից, վերստեղծել մի նոր գեղարվեստական ամբողջություն։ Գրիմ եղբայրների հեքիաթները հայացնելիս Թումանյանի համար հիմք է եղել Ա. Ֆեոդորով—Դավիդովի ռուսերեն թարգմանությունը, որը մոտ ու հավատարիմ է գերմաներեն բնագրին։ Բայց նա առանձին դեպքերում օգտվել է նաև Վ. Գատցոլկի ռուսերեն վերապատմությունից, որից քաղել է մի շարք արտահայտություններ ու դրվագներ։ Որոշ բառեր և պատկերներ ճշտելու համար բանաստեղծը դիմել է գերմաներեն իմացողների օգնությանը (մանրամասները տե՛ս Ի. Սաֆրազբեկյան, Գերմանական հեքիաթները Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ, ՈԻՀ1, 60 — 84)։
Ինչպես Գրիմ եղբայրների, այնպես էլ ուրիշ ազգային հեքիաթներ թարգմանելիս միշտ երևան է գալիս Թումանյանի զարմանալիորեն խոր և ճշգրիտ բնազդը, որի շնորհիվ նա կարողանում է անթերի զգալ ու վերարտադրել այլ ժողովուրդների ոգին ու մտածողությունը, բայց և միաժամանակ առամելագույն չափով հայացնել պատումի ոճական նկարագիրը, լեզվաարտահայատչական միջոցները։ Հայացված են նույնիսկ որոշ հերոսների անուններ (Լուսերես և Վարդերես, Գոհար թագուհի, Մոխրոտ, Որոտ թագավոր, Հավատարիմ Օհան և այլն)։
Ե՛վ իրենց կենսաբարոյական բովանդակությամբ, և շարադրանքի միաձույլ ամբողջականությամբ Թումանյանի թարգմանած հեքիաթները նրա ստեղծագործության անբաժանելի մասն են կազմում։ Միաժամանակ՝ դրանք կարևորագույն էջեր են հայ հեքիաթագրության պատմության մեջ։