Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ոճի վառ կնիքը։ Կոնկրետ առիթով կատարված հետևյալ դիտողությունը մեծ կամ փոքր չափով վերաբերում է Թումանյանի բոլոր թարգմանություններին․ «էպոսից Թումանյանի կատարած թարգմանությունները չեն կորչում նրա անհատականության ետևում։ Մենք երբեք չենք մոռանում, որ կարդում ենք հենց ռուսական բիլինա, հենց սերբական վիպերգ։ Բայց և այնպես այդ բիլինաներն ու վիպերգերը Թումանյանի թարգմանություններն են։ Նրա ստեղծագործությանը շատ թե քիչ ծանոթ ընթերցող դա զգում է անմիջապես…» (Մ. Ջանփոլադյան, Թումանյանը և ժողովրդական էպոսը, Երևան, 1969, էջ 84—85),

Սակայն բանաստեղծության կառուցվածքի ոչ բոլոր կողմերն է, որ Թումանյան թարգմանիչը ձգտում է պահպանել։ Այն, ինչ չի համապատասխանում հայոց լեզվի և հայ բանաստեղծության ոգուն և սկզբունքներին, Թումանյանը չի էլ փորձում ներմուծել թարգմանության մեջ։ Խոսքը վերաբերում է, օրինակ, ոտանավորի տաղաչափության ազգային յուրահատկությանը։ Պուշկինին, Լերմոնտովին և մյուս ռուս բանաստեղծներին թարգմանելիս նա ռուսական վանկաշեշտային տաղաչափությունը ամենուրեք փոխարինում է հայկական վանկային ոտանավորի ավանդական չափերով։ Առանց այդ փոփոխության հնարավոր չէր լինի հասնել հնչերանգի բնականության։ Նույնիսկ «Ձմեռվա իրիկունի» մեջ, որն, ինչպես ասվեց, բնագրին հարազատ մնալու դասական օրինակ է, Թումանյանը չի պահպանել պուշկինյան քառոտնյա քորեյը՝ փոխարինելով այն 8 և 7–վանկանի վանկային ոտանավորով (հարցի մանրամասն քննությունը տե՛ս Էդ. Ձրբաշյան, Գրականության տեսություն, 5֊րդ հրատ., Եր., 1980, էջ 297—299)։ Նույն չափով են թարգմանված Պուշկինի «Ջրահեղձը», «Խրախճանք ժանտախտի պահին» ողբերգության հատվածը, Ժուկովսկու «Աքիլլեսը», որոնք բնագրում նույնպես գրված են քառոտնյա քորեյով։ Թումանյան թարգմանիչը հատկապես հաճախ է օգտվում երկանդամ 10-վանկանի տողաչափից, նրանով փոխարինում և՛ ռուսական քառոտնյա յամբը (Լերմոնտովի «Մծիրին», Պուշկինի «Եթե իրավ է, որ գիշերները», «Ռոմանսը», Նեկրասովի «Մայրը»), և՛ եռավանկ, մեծ մասամբ քողաղոտային, ոտքերը (Պուշկինի «Օլեգի երդը», Լերմոնտովի «Իղձը» և «Հրեշտակը», Գորկու «Վալախական լեգենդը»)։ Նույն 10-վանկանի կանոնավոր տողաչափով են թարգմանվել նաև ռուսական բիլինաները և սերբական վիպերդերը, որոնք հորինվել ու դրի են առնվել ժողովրդական բանահյուսությանը բնորոշ տարբեր չսորերով։

Թումանյանի չափածո թարգմանությունները նրա ստեղծագործական կենսագրության մեջ տարբեր ճակատագիր ունեցան։ Մի շարք թարգմանություններ առաջին տպագրությունց հետո այլևս չեն զբաղեցրել Թումանյանին ու երբեք չեն արտատպվել, կամ էլ հենց սկզբից երևան են եկել այնպիսի կատարյալ տեսքով, որ հետագայում փոփոխությունների կարիք չի զգացվել։ Դրա կողքին կան նաև թարգմանություններ, որոնք մեկ և ավելի անգամ վերամշակվել են, հրատարակությունից հրատարակություն բարելավվել։