Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թարգմանեցի Кольцов-ի մի ոտանավորը-«Сяду я за стол»-ուղարկեցի «Տարազին»։ Стол-ը շինել եմ գիտես ինչ-պատի տակ, և այս ոչ թե հանգի համար, այլ ավելի լուրջ խորհրդով։ Եթե սեղան թարգմանեի-նստել եմ սեղան-այդ հայերեն կնշանակեր նստել եմ սուփրա։ Եթե գրեի սեղանի մոտ-տգեղ էր։ Վերջապես բանաստեղծությունը հայերեն չէր լինի։ Խեղճ հայ մարդու տարակուսանքի ու մտածմունքի տեղը պատի տակն է» (ԵԺV, 154-155)։

Նույն ժամանակ Փ. Վարդազարյանին գրած մեկ ուրիշ նամակում բանաստեղծը նորից է անդրադառնում այդ թարգմանությանը, բերելով բանաստեղծությունն ամբողջությամբ. «…Քեզ գրել էի, թե Կոլցովի «Сяду я за стол да подумаю»-ոտանավորր թարգմանեցի - ղրկեցի «Տարազին»։ Այժմ խմբագրությունից գրում են-թե ցենզորը բռնել է։ Եկ ու բան հասկացիր։ Ախար ինչ ցենզորի բռնելու բան է դա։ Ուրեմն էլ ի՞նչ անենք, ի՞նչ մտածենք։ Ահա թարգմանությունը։ Առաջուց գրել եմ, որ за стол-ը շինել եմ պատի տակ,-պատի տակը համարելով հայ գեղջուկի մտածմունքի տեղը-փոխադրել եմ… Ինձ հաջող է թվում։ Գրիր-հավանո՞ւմ ես, թե չէ։ Դու մի ժամանակ ինձ ասում էիր, որ Կոլցովից բան թարգմանեմ։ Հանգերն ինչպես զանց են առնված բնագրում, այնպես էլ ես եմ արել» (ԵժV, 158-159)։

ԳԱԹ Թֆ № 166 պահվում է մեկ ինքնագիր՝ «Գեղջուկի մտորմունքը» վերնագրով և «Կայլցով» նշումով։

ԳԱԹ Փ. Վարդազարյանի ֆ. № 413/բ պահվում է վերոհիշյալ նամակը և դրա մեջ՝ բանաստեղծության ինքնագիրը։

Առաջին անգամ «Գեղջուկի մտորմունքը» վերնագրով և «Կոլցովից» ենթավերնագրով տպագրվել է Տզ, 1900, № 45, էջ 66. այնուհետև՝ «Գեղջուկի մտորմունքը» վերնագրով՝ ԲԹ, էջ 239 և ԲԲ, էջ 226, ապա՝ «Գեղջուկի մտածմունքը» վերնագրով՝ ԲՊ, էջ 305 և ԵԺI, 369։

Տպագրվում է ԲՊ֊ից։

Թումանյանի անձնական գրադարանում պահվում է Կոլցովի բանաստեղծությունների ժողովածուն (А. В. Кольцов, Стихотворения, изд. Г Гоппе, СПБ, 1892. էջ V)։


ՀԻՎԱՆԴ ԵՄ, ՄԱՅՐԻ՛Կ
(«Հիվանդ եմ, մայրի՛կ, նանիկ ասա՛ ինձ»)
(էջ 251, 463)

Ֆելիցիա Հիմենսի (1793-1835) «To my mother» (Մայրիկիս) բանաստեղծության թարգմանությունն է ռուսերենից։ Ռուսերեն բնագրի առաջին չորս տողերը Թումանյանը չի թարգմանել։

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։