Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքան ծաղրում ենք, սըրանք չեն լըռում,
Ոչ էլ մեր ուզած բաներն են գըրում։
    ― Ո՜վ բըրետների, կույրերի երկիր։
Դու մի՛ հավատար, իմ հե՛գ որդեգիր,
Ես էն հանգուցյալ լավերից նույնպես
Լըսել եմ հաճախ գանգատներ պես-պես։
240 Սպանում են դեռ ծաղրով ու թույնով,
Ապա պըճընվում նըրանց անունով.
Լափում են նըրանց վաստակը արդար,
Ու նորից․․․ նույն հին կըռիվը վատթար․․․
    Երդվում եմ ահա ճառագող օրով,
Վառ Ավրորայի մաքուր շողերով,
Խոսում ես դու էն չըքերի մասին,
Որ միշտ անտեղյակ առաջին լուսին,
Չեն հըրճվում նըրա ծագման հանդիսով,
Միայն կեսօրին ապուշ երեսով,
250 Ելնում են մըռայլ, տեսնում քընեած՝
Գըլխների վերև արևը կանգնած.
    Ու ծունկ են չոքում,
    Օրհներգ են երգում.
Հի՜ն օրհներգություն ու հի՜ն հըրեշներ․․․
Բայց մի՞թե նըրանք ապրում են անմեռ,
Եվ էդպես անհաշտ էսօր էլ քեզ հետ․․․
― Ի՞նչ հըրեշ, Մուսա՛, ի՞նչ կույր ու բըրետ,
Ի՞նչ բաներ ես դու քեզնից հընարում․․․
Ես էն եմ ասում, թե մեր աշխարհում
260 Պոետները ողջ տըխրել են, ցավել,
Որ իրենց երգի քընար ես տըվել․․․
Ես էլ․․․ ի՞նչ ասեմ․․․ մեղավոր եմ ես,
Ծույլ ու անշընորհք. անպետք, սևերես․․․
Մեր խեղճ տանըցիք ո՜րքան նախատում―
Բայց ես՝ միշտ համառ, չէի հավատում,
Մինչև լըսեցի մի մեծ պարոնի,
Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի։
Մի օր ինձանից արավ հարցուփորձ.