Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Ունի՞ս, հարցրեց, մի պաշտոն կամ գործ։
270 ― Բանաստեղծ եմ ես, հայտնեցի հըպարտ։
― Դըժվար է, ասավ, երբ անգործ է մարդ։
― Բանաստեղծ եմ ես, կըրկնեցի մեկ էլ։
― Հասկացա՜նք, ասավ, պարապ ես եղել․․․
Եվ խեղճ ընկերըս երբ որ՝ սըրտացավ՝
Սա էլ պետքական մի մարդ է, ասավ,
Էնպես ծիծաղեց մեր աղան փառփառ,
Որ և հասարակ և մեծ վեհափառ,
    Ով որ իմացավ,
    Ծիծաղը պըրծավ։
280 Բայց վերջն ավելի պարզեց խընդիրը,
Երբ հոդված գըրեց մեր լըրագիրը։
― Բանաստեղծն, ասավ, թո՛ղ մի գործ շինի
Որ հացի, վարձի դառնա արժանի.
Թե չէ համառի ու մընա պոետ՝
Ի՞նչ հաշիվ ունի ազգը նըրա հետ.
Ազգը հո նըրան չի խընդրում գըրի,
Թերթն էլ փող չունի՝ թե որ վըճարի․․․
Թո՛ղ գընա ապրի իրեն գըրիչով․․․
Էսպես ենք դատում մեր մաքուր խըղճով։
    290 Ներշընչման համար
    Էսպես է հարմար.―
    Ով սովից մեռել՝
    Նա՛ է լավ գըրել։
    Կարող ենք մենք էլ
    Էսպես մըտրակել
    Ու ծաղրել մի-մի,
    Որ առաջ դիմի․․․։
― Ո՜վ ախոռ-երկիր, մըտրակի մարդիկ․․․
Դե՛, ե՛կ, սիրելի՛ս, տանեմ քեզ երկինք.
300 Էնտեղ երջանիկ ոգիների հետ
Զըվարթ կըխընդաս ու կերգես հավետ.
Կամ կուզես թըռցնեմ, հանեմ Ոլիմպոս,
Որ նեկտար ըմպես, ճաշակես ամբրոս։