80
Ադամա մութը դեռ նոր փարատված
Եվ հորիզոնից դեռ կամա՜ց֊կամաց
Նոր է լուսաստղը երեսը հանում,
Որ Սաքոն ոչխարն արոտ է տանում։
Շըքեղադալար լեռների օդը
Եվ շաղաթաթախ ծաղիկն ու խոտը
Դրախտի անուշ կնդրուկի նման,
Առատ բուրմունքով, շնչով կենսական
Լցնում են կուրծքը, վերացնում հոգին...
Ի՜նչը կըհասնի Սաքոյի կյանքին։
90
Ամեն առավոտ տեսնում է աչքով
Թե արևելքում ինչպես է շըքով,
Ամպերի միջից արջնաթույր և թուխ
Բացվում արշալույսն ինչպես հրաբուխ,
Կամ թե բոցավառ հըրդեհի նման,
Որ թանձր ծխից հայտնում է իրան։
Եվ առաջին շողն արևագալին
Երբոր ընկնում է լեռների ծայրին,
Կարմըրին տալով, ասես թե քըրքում,
Ժայռ ժանիքները վարդերանգ ներկում՝ 100
Մեր հուժկու Սաքոն այս ժամանակին
Հենված հովվական երկայն մահակին,
Ծակված փափախը ականջին թեքած,
Թերմաշ յափընջին ուսովը ձըգած,
Ինչպես լեռների տեր ու թագավոր,-
Նոր օրը գալիս,-
Իրան թևավոր
Երաժիշտներով ողջույն է տալիս։
____________
Սև-սև ամպեր են գալիս հավաքվում,
Մթնում է երկինքն ու փայլատակում, 110
Սառած-սասանած երկիրը վախից
Ուզում է կարծես փախչել յուր տեղից
Եվ թանձր անտառը, սաստիկ հողմակոծ,