Այսպիսի դեպքեր շա՜տ են պատահել,
Նույնիսկ Սաքոյին քանի՜սն են պատմել...
Եվ հիշողությունն անցած օրերից.
Նորա մանկության երեկոներից,
Երբ նա քաջքերից վախենում էր դեռ,
Ետ բերեց վաղուց մոռացած ձայներ. 280
Ձայնե՛ր ահալի, տխուր պատմության
Չար ոգիների արած չարության։
Տատի խոսքերը նորա ականջին
Ուրվաձայն, երկչոտ հնչեցին կրկին.-
«Կասեն՝ Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք.
Տե՛ս, մենք ուրախ պար ենք գալի-
Սիրուն, ջահել հարսն֊աղջիկ։
Ինձ մոտ արի, ձվածեղ անեմ,
Ինձ մոտ արի բլիթ տամ. 290
Ես քո հոքիրն... ես քո նանն եմ...
Ես էլ ազիզ բարեկամ...
Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
էս աղջիկը տե՛ս ինչ լավն ա…
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի-
Տարա՛ նի նա՜, տարա նանա՜՜...»։
Եվ խոլ պատկերներ, տգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խառներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան-անցնում են կամաց... 300
Անցնում են դանդաղ ստվերների պես,
Չար ժպիտներով, ժանտ ու սևերես
Աչքերը անթարթ կիրակին հառած
Ծանըր է շնչում Սաքոն ահառած,
Եվ առողջ կուրծքը լեռնական մարդու
Ալեկոծում է կասկած ահարկու։