Կամ հանդուգն ջահելները
Վրա կըտան զինավառ,
Եվ կըքշեն անտառները
Թուրքի ջոկերն ու տավար։
Կամ ուր որ է մահակներով
Մի խառն ամբոխ կերևա, 250
Եթե թուրքը գողությունով
Մի մեղք ունի իր վըրա։
Կամ ով գիտի չոբանները՝
Ահը հանած սըրտերից,
Ճանապարհին սյուրուները
Անց են կացրել արտերից...
Նրա համար մռայլած են
Թուխ դեմքերր թուրքերի,
Նրա համար և լռած են
Ձայներն անհոգ երգերի...»:
VIII
Սակայն ահագին ձորում այս գիշեր
Մենակ է Սաքոն և չունի ընկեր։
Բուխարու կողքին տխուր թեք ընկած
Մտածում է նա յուր տատի պատմած
Չարքերի մասին, որոնք միասին,
Ծուռը ոտներով, գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած
Հայտնվում են միշտ միայնակ մարդկանց...
Կամ ինչպես քաջքերն այրերի մթնից,
Երբ մարդ նայում է քարափի գլխից 270
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով.
Եվ մարդկանց նման խնջույք են սարքում,
Զուռնա են ածում, թմբուկ են զարկում...