Այն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերն ամեհի նոթերը կիտած, 370
Դեմուդեմ կանգնած, համառ և անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Սև ծովի նման մըլարը կանգնած
Գրկում է նրանց կուրծքը կախընկած,
Որ կարծես ահա, հենց այս վայրկենին
Վայր կընկնեն անահ անցվորի գլխին։
Ահռելի ձոր է. այնտեղ Դեբեդը
Փըրփրած վազում է։ Սրընթաց գետը
Գոռում է, ինչպես վիրավոր գազան,
Եվ աղաղակին այն երկրասասան 380
Խոր, լայնաբերան քարանձավները
Կցում են իրանց քաջքի ձայները,
Կազմում վայրենի ներդաշնակություն.
Սարսափ է ազդում անսովոր մարդուն։
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Երբոր մտնում են այն ահեղ ձորը
Եվ ալքերի հետ խաղում դողալով,
Իսկ ալիքները խիտ֊խիտ շողալով
Հուզվում են, իրար ետևից փախչում,
Դեբեդը խավար անդունդի խորքում, 390
Մի արծաթափայլ նեղ շերտի նման
Պտույտներ առած ձգվում է երկայն։
Այս տախտի վրա, այն ժայռի գլխին
Կանգնած է մենակ, խավար ու լըռին
Մի քանդված հին բերդ, մի ավերակ վանք,
Մռայլ ու տխուր ինչպես զարհուրանք.
Իսկ քարի գլխից լուռ մարդու նման
Նայում է ձորին մի հին խաչարձան։
XII
Այն ձորում ահա, այն խավար ձորում
Այս կես գիշերին նա է թափառում,