Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

VII



Դե, թռի՛ր ինձ հետ տենչով հրաթև,
110 Որպես թռչում է կարոտած սերը,
Մինչև կըտեսնես քեզանից ներքև
Խորին ձորերի սև անդունդները.
Եվ քո թույլ ոտքը թող գեթ մի անգամ
Շոշափե բարձունքն ազատ սարերի...
Աչքդ բաց արա, նայի՛ր, բարեկամ,
Ահա հին Լոռին հայոց աշխարհի։

VIII



Ողջո՜ւյն, վեհափառ լեռներ երկնահուպ,
Ո՜վ հրաշալիք հզոր արարչի,
Եվ, ահա, հոգիս, ինչպես մի ասուպ,
120 Թռած գալիս է ձեր գլխին հանգչի.-
Այդ գագաթներին, որ ձյունապսակ
Փայլատակում են ընդդեմ աստղերին,
Այդ ամպերի մեջ, որ կուտակ֊կուտակ
Ծանրանում են ձեր շքեղ ուսերին.
Այդ սառն ու հստակ աղբյուրների մոտ,
Որ ապառաժից հորդառատ բխում,
Ավազի վերա, կայտառ, ծիծաղկոտ
Երեխի նման կրկչում են, խազում.
Պարզ առուների դալար ափերին,
130 Որ սահանքավոր իջնում են փրփրած,
Ուր որ կենսաշունչ հովը լեռնային
Մերթ վազվզում է, մերթ գգվում կամաց.
Ուր որ համասփյուռ բուրմունքը ծաղկի
Եվ ծըծմբային հոտը կայծակի
Խառնվում իրար և տարածվում են,
Խոռոչ ու ծործոր բռնում, լցնում են։

IX



Օրհնության վայրեր, ուր առույգ կյանքի
Եվ զվարթության շունչն է միշտ խաղում,