Ինձ երևացին միաժամանակ։
Ծանր վեհությամբ ամպերի միջից
Նրանք նայում են ծանոթ հայացքով,
Այնտեղ քար, ծառ, աղբյուր... ճանաչում են ինձ
Մի սիրուն օրով, սիրելի անցքով։
Եվ, անձավներից քարաժայռերի,
Թավուտ անտառի լռին խորքերից,
Մանուկ հասակիս աղաղակների 210
Պարզ արձագանքը լսում եմ նորից։
Պարզիկա գիշեր. թաղիքի վրանից,
Զմայլված սրնգի ձայնով թովչական,
Նայում եմ,-ահա երկինքն աստղալից
Կպչում է հեռո՜ւ լերանց բարձրությանն։
Ուրիշ մի գիշեր, տխուր ու խավար,
Գողի ու գայլի գիշեր ահաբեր,
Եվ անքուն հովվի սաստող, ազդարար
Աղաղակները ականջումս են դեռ։
Իսկ առավոտյան աղմուկը բինի,- 220
Հաչոց, բառաչոց, խրխինջ ու գոչյուն...
Այն աղմուկի մեջ կիսավայրենի
Ինձ սիրելի է ամեն մի հնչյուն
Ես այն սարերումն էի երեխուց,
Այնտեղ տարփում էր մի զույգ սիրահար,
(Նրանցից մեկը մեռած է վաղուց,
Մյուսն աղոթում է մեռնելու համար)։
XIII
Անցան տարիներ, նրանք մեծացան,
Մի օր էլ երբոր իրար նայեցին,
(Եվ այն հայացքը չէր սովորական) 230
Իրար հասկացան, բայց լուռ պահեցին։
Այն մի հայացքով պատանի Սարոն
Գրկեց Անուշի պատկերը հոգով,
Այնինչ գեղեցիկ Անուշը նրան
Սիրեց կուսական առաջին կրքով։