Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամբոխը թափվեց հարայ-հրոցով,
Վեր թռցրեց երկու փահլևաններին,
Եվ ուրախության աղմուկ-գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։
Ցնծության ձայներ, ծափերի զարկից
Շարժվում են, դողում պատեր ու օճորք,
Իսկ նորահարսի փարդի քամակից
370 Նայում են, գովում հարսն ու աղջկերք։
Զայրացած Մոսին դեռ չէր հանդարտվում,
-Թող գա, ասում էր, որ բռնենք նորից,
Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
Չի ազատվելու երբեք իմ սրից։
Եվ թագավորի թախտիցը Սարոն
Պարգև ստացավ մի կարմիր խնձոր,
Իսկ Մոսին ուրախ հարսանքատնից
Դուրս գնաց իսկույն սաստիկ վիրավոր։

XX



Եվ Մոսին ուրախ հարսանքատնից
380 Դուրս գնաց իսկույն սաստիկ վիրավոր.
Արյուն էր կաթում սևակնած սրտից,
Գնում էր շտապ և քայլամոլոր։
«Ամոթ քեզ Մոսի... թուք ու նախատինք...
Ամոթ քեզ նման գոված իգիթին...
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մտիկ...
Դեռ քո թիկունքը չէր տեսել գետին...
Ի՜նչպես վայր ընկար դու սարի նման,
Երբ որ նայում էր ողջ գյուղը կանգնած...
Դո՞ւ... կո՞ւչ գաս տակին Սարոյի ծնկան,
390 Նրանից հետո երևաս կանա՞նց...
Այս բանն եկե՞լ էր իսկի քո գլխին,-
Ծաղրատեղ դարձար աշխարքի միջին...
Դե մեռի՛ր էլի... գետինը մտիր...
Տղա չես լինիլ, եթե կուլ տվիր…»
Մտմտում էր նա և ատամները