Եվ դուրս քաշեցին հազիվ երկուսին.
Սարոն էր մեկըն, իսկ մյուսն Անուշի 330
Հարազատ եղբայր-գառնարած Մոսին։
Հարսանքավորը պարսպի նման
Կանգնած բաժանվեց երկու բանակի,
Եվ յուրաքանչյուրն ընտրեց փահլևան
Ու ոգևորեց տղերանց մեկին։
Գոռում են, գոռում երկու բանակից,-
«Սրտապինդ կացե՛ք, մի՛ վախեք տղերք»,
Իսկ նորահարսի փարդի քամակից
Նայում են անթիվ հարսն ու աղջկերք։
Եվ պտտվում են լայն հրապարակում 340
Արջերի նման երկու հովիվներ,
Իսկ ժողովուրդը դեռ աղաղակում,
Քաջալերում է «ջա՛ն փահլևաններ»։
Տաքանում են տղերքը սաստիկ,
Չուխի քղանցքը պինդ հավաքելով
Զարկում են գետնին ձեռքերը հաստլիկ,
Որ ցամաքեցնեն քրտինքը հողով։
Երակների մեջ կրակ է վազում,
Իսկ ականջները կարմրել են արդեն,
Կատաղի թափով իրար են հասնում, 350
Հենց որտեղ որ է միմյանց կըջարդեն...
Ընկերների մեջ օրենք է շատ հին,
Որ այսպիսի մեծ բազմության միջում
Չըպետք է գետնին զարկել ընկերին,
Այլ պետք է անել հարկավոր զիջում։
Մոռացավ Սարոն օրենքն ու աշխարք,
Երբ կանանց միջին Անուշին տեսավ.
Սիրտը սկսեց բաբախել արագ,
Աչքերն արյունով իսկույն լցվեցավ.
Եվ այսպես, մինչդեռ անհոգ էր Մոսին, 360
Սարոն յուր բոլոր ուժը հավաքեց,
Ուջեն քաշելով, հանկարծ ընկերին
Գետին տապալեց ու կրծքին չոքեց։