Կըմնա նորա սիրտ այրող երգում։
Եվ կըգան օրեր, երբ երջանկությունը
Կըթագավորի աշխարքի վերա,
Ցավ ու տանջանքի երգչի անունը 430
Թող այնուհետև երկրից վերանա.-
Տխուր ձայները նորա պատմության
Չմռայլեցնեն զվարթ դեմքերը,
Եվ թող բախտավոր մարդիկ չիմանան,
Թե մի օր այսպես անբախտ էր սերը։
Մասն երկրորդ
XXIII
Դեռևս գիշեր կա. անուշիկ քնով
Քնած է գյուղը անոսր խավարում,
Եվ կախարդական տխուր ձայներով
Օրօրք է ասում Դեբեդը ձորում։
Նիրհում են աստղերն, և աստեղազարդ 440
Երկինքը ջինջ է, թափանցիկ, անհուն,
Կապույտ եթերքում սահում է հանդարտ
Թմրած ու դանդաղ լուսինը անքուն.
Եվ, Ղարախաչի կատարին հասած,
Հանկարծ նայելով մութն արևելքին,
Լուսաստղը տեսավ,-ահից դալկացած
Շտապեց թաքչել սարի քամակին։
XXIV
Այս խորհրդավոր ժամին գիշերվան,
Երբ բաժանվում է լույսը խավարից
Եվ քնած երկրին հավը մի բերան 450
Լուսո ավետիք տվեց յուր թառից,
Գյուղի մի ծայրում մի բան անցկացավ,-
Շները խմբով սաստիկ հաչեցին,
Միասին մի խուլզ «հե՜յ հե՜յ» լսվեցավ.
Եվ չէր լուսացել, հավար կանչեցին։