Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխատում է անվրդով։
Հենց եզերքն հորիզոնի
Վաղորդյան շառագունի,
Գոհանում է Արարչից―
30 Մաճկալը բռնած մաճից,
Երեսին խաչ է հանում,
Գնում իրան վարն անում,
Հովիվն էլ դեպ արոտը
Քշում տանում է հոտը.
Եվ խաղաղ էր նրա կյանքը,
Կարծես, աստծո օրհնանքը
Նրա վերա իջել էր։
Անդորրությամբ աճել էր
Այս ժողովուրդը բարի.
40 Սակայն ահա, այս տարի
Հայտնվեցավ թուրք Ալին,―
Մի պատուհա՜ս երկնային։

II

Ալին ծեծեց․․․ Ալին տարավ․․․
Ալին այսօր թալան արավ.
Ալին երեկ մարդ սպանեց.
Ալին սարիցն ապրանք քշեց.
Կրակ տվեց սրա դեզը,
Խլեց նրա մի լուծ եզը.
Ալին հանդում քաղվոր ճանկեց,
50 Մի նորահարս առևանգեց.
Ալին ծեծեց․․․ Ալին տարավ․․․
Ալին խլեց․․․ Ալին կերավ․․․

III

«Ո՞վ է Ալին, այդ լիրբ թուրքը,
Հարցրեց մի օր քաջ Ալեքը.

28