մեզ հասել են կատարման և մշակման տարբեր աստիճաններում։ Այդ առումով Թումանյանի պոեմները կարելի է բաժանեք չորս խմբի:
Առաջին խմբի մեջ մտնում են «Ալեք», «Մեհրի» և «Մերժած օրենք» պոեմները, որոնք 1890—1892 թթ. Թումանյանի առաջին ժողովածուների մեջ տպագրվելուց հետո այլևս հեղինակի կենդանության ժամանակ երբեք չեն վերանայվել և, ինչպես կասեր բանաստեղծը, «մնացել են առաջին հրատարակության մեջ»։ Այդ պոեմների նյութն ու ոճը, տարբեր պատճառներով, այլևս չէին կարող Թումանյանին մղել ստեղծագործական նոր աշխատանքի։
Երկրորդ խումբը կազմում են այն պոեմները, որոնք անցել են կատարելագործման և վերամշակման մեծ ճանապարհ և ի վերջո մեզ հասել են գեղարվեստական այնպիսի մակարդակով, որը համապատասխանում է թումանյանական արվեստի ամենաբարձր չափանիշներին։ Դրանք, նախ, այսպես կոչված «գյուղական» պոեմներն են՝ «Անուշը», «Լոռեցի Սաքոն» և «Մարոն»։ Այս նույն խմբին են պատկանում նաև «Պոետն ու Մուսան» և «Դեպի Անհունը», թեև նրանց կրած փոփոխությունները հիմնականում կատարվել են ոչ թե «ընթերցողի աչքի առջև»՝ հրատարակությունից հրատարակություն, այլ մտահղացման մեջ և ձեռագրերի վրա։ Իսկ «Թմկաբերդի առումը» առաջին իսկ տպագրության ժամանսկ (1905) փաստորեն արդեն ստացել էր իր վերջնական տեսքը և հետագայում միայն մի երկու մասնավոր փոփոխության ենթարկվեց։ Այս պոեմի կատարելագործման ընթացքը, ըստ երևույթին, ամբողջովին կապվում է հեղինակի «ներքին ստեղծագործական լաբորատորիայի» հետ։
Երրորդ խմբի մեջ կարելի է մտցնել մեզ միայն հատվածաբար հասած «Հառաչանք» և «Հին կռիվը» պոեմները, որոնք, ըստ մի շարք տվյալների, ժամանակին լիովին ավարտված են եղել, բայց զանազան պատճառներով ամբողջությամբ չեն տպագրվել, իսկ հետագայում զգալի մասով կորել են։ Ներկայումս մեր տրամադրության տակ այդ պոեմներից կան միայն առանձին գլուխներ, որոնք և զետեղվում են սույն հրատարակության մեջ։ Մասնավորապես՝ «Հառաչանքից» պահպանվել են երկու համեմատաբար ծավալուն հատվածներ (տպագրված 1893 և 1914 թթ.), ինչպես նաև հայտնի «Նախերգանքը», սևագիր «Վերջերգն» ու մի քանի ուրիշ հատվածներ։ «Հին կռիվը» պոեմից տպագրվել և մեզ հասել են միայն առաջին («Տանը») և երրորդ («Երկրում») մասերը իրենց նախերգանքներով (տպագրված համապատասխանաբար 1915 և 1907 թթ.), ինչպես նաև երկրորդ մասի նախերգանքը, որը «Հայոց լեռներում» նշանավոր բանաստեղծությունն է։
Վերջապես պետք է առանձնացվեն Թումանյանի անավարտ մնացած պոեմները՝ «Սասունցի Դավիթը» և «Հազարան բըլբուլը»։ Սակայն նրանց անավարտության բնույթն էլ բավական տարբեր է։ «Հազարան բըլբուլն», ինչպես ասվեց, առհասարակ անկատար է մնացել, շատ լայն ընդգրկում ունեցող այդ մտահղացումից մեզ հասել են միայն երկու ավարտված և