Սաքոյի» մեջ դուք մի սխալ էիք ցույց տայիս, այդ սխալը ես այժմ եմ գլխի ընկել և ուղղել, այդ պոեման կլավանա» (ԵԺ V, 79): Այստեղ խոսքն արդյո՞ք վերաբերում է 1890 թ. Աղայանի առարկությանը Սաքոյի խելագարվելու հիմնավորված չլինելու մասին, թե՞ մի կոնկրետ դիտողության,— դժվար է ասել։ Սակայն աշխատանքը պոեմի վերամշակման ուղղությամբ շարունակվեց, ըստ երևույթին, նաև հետագա ամիսներին, մինչև որ ստեղծվեց պոեմի՝ առանձին գրքույկով լույս տեսած տարբերակը (գրքույկի գրաքննական թույլատվությունը՝ 1896 թ. մարտի 6-ին)։ Նոր հրատարակության մեջ պոեմն զգալի չափով կերպարանափոխվեց, մտան նկարագրական և հոգեբանական բազմաթիվ նոր հատվածներ, որոնք պետք է հիմնավորեին հերոսի ներքին զարգացման ընթացքը։ Պոեմը առաջին տարբերակի 287 տողի փոխարեն այժմ ուներ 476 տող։
Սակայն առանձին հրատարակությունից ոչ շատ անց բանաստեղծն սկսում է մտածել պոեմի նոր վերամշակման մասին։ Դրա վկայությունն են, նախ, գրքույկի երկու տարբեր օրինակների վրա նրա կատարած բազմաթիվ ուղղումները, կրճատումներն ու հավելումները, որոնք առաջին անգամ ամբողջ ծավալով վերարտադրվում են այս հրատարակության մեջ։ Հավանաբար, 1890-ական թթ. վերջին են վերաբերում նաև պոեմի պահպանված Ա և Բ ինքնագրերը, որոնց մեջ բանաստեղծը մի շարք դեպքերում մոտենում է վերջնական տարբերակին, բայց շատ հատվածներում էլ դեռ հեռու է նրանից։ Ա ինքնագրի վերևը և Բ ինքնագրի վերջում կա 1889 նշումը, բայց դա, անշուշտ, ոչ թե այդ ինքնագրերի տարեթիվն է, այլ վերաբերում է պոեմի առաջին մտահղացմանն ու գրությանը։ Սակայն պոեմի 1903 թ. և հետագա հրատարակությունների մեջ բանաստեղծը հանեց գրության տարեթիվը (ըստ երևույթին, դրա պատճառն այն էր, որ պոեմի վերջնական տարբերակն արդեն շատ էր հեռացել նախնական խմբագրությունից և, հետևաբար, չէր կարող նշվել 1889 թվականով)։ Թեև Ա և Բ ինքնագրերի մեջ շատ հատվածներ կրկնվում են, բայց նրանք այս հատորում վերարտադրվում են ամբողջությամբ բանաստեղծի կատարած աշխատանքի բնույթն ու ընթացքը լրիվ ներկայացնելու նպատակով։
Դարասկզբին, ամենայն հավանականությամբ 1902 թ., երբ Թումանյանը պատրաստում էր իր բանաստեղծական գործերի նոր ժողովածուն, մի անգամ ևս վերամշակում է «Լոռեցի Սաքոն»։ Այդ ժամանակ է ստեղծվել պոեմի երրորդ տարբերակը, որը մտավ ԲԹ-ի մեջ և հայտնի է իբրև հիմնական բնագիր։ Պոեմի ծավալը մեծապես կրճատվեց, մնաց ընդամենը 188 տող։ Հրաժարվելով նախորդ տարբերակներում մեծ տեղ գրավող և հովվական կյանքի ու կենցաղի մասին պատմող հատվածներից, բանաստեղծն այժմ իր ուշադրությունը կենտրոնացնում է հերոսի հոգեբանական զարգացման, նրա խելագարվելը գեղարվեստորեն հիմնավորելու վրա։ Զգալի չափով սեղմվեցին նաև բնանկարները, իսկ այն, ինչ մնաց, ակտիվորեն ծառայում է հոգեբանական թեմայի զարգացմանը։ Այդ նպատակով էլ Լոռու ձորի նկարագրությունը տարվեց առաջ և դարձավ