Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղարվեստական երևակայության և ընդհանրացման սկզբունքներով։ Մի շարք վերամշակումներից հետո հասցվելով բարձր կատարելության, «Լոռեցի Սաքոն» ներկայանում է մեզ իբրև մարդու վրա բնության խորհրդավոր ու չճանաչված ուժերի ներգործության մասին պատմող համապարփակ մի երկ։

Դեռ նախքան ԲՄ I ժողովածուի տպագրության ավարտվելը և տարածվելը (1890 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր) Թումանյանն իր պոեմի ձեռագիրը կարդացել է բարեկամների շրջանում՝ հանդիպելով տարբեր գնահատականների։ Այդ մասին նա հանգամանորեն գրել է 1890 թ. հուլիսի 29-ին Ան. Աբովյանին հղած նամակում։ Այդ նամակից իմանում ենք, որ Ղ. Աղայանը պնդել է, «թե բոլորովին հոգեբանությանը հակառակ է Սաքոյին խելագարեցնելը», այնինչ «մի քանի ուսանողներ և գրողներ մի շատ հաջողված հոգեբանական ճշմարտություն են համարել և հավանել», իսկ Պ. Պռոշյանը հիացած բացականչել է. «Հրաշալի՜ է» (Եժ V, 19—20):

«Լոռեցի Սաքոն», հատկապես հերոսի ճակատագրի հավանականության խնդիրը վեճերի նյութ է դարձել նաև ընթերցողների շրջանում։ Բանաստեղծի ազգական և դասընկեր Բագրատ Թումանյանը 1890 թ. վերջին Մոսկվայից գրած նամակներում հայտնում էր, որ տեղի հայ ուսանողները պոեմի հերոսի մասին «ասում են, թե դա մի փոքր անբնական է, թե նա այդպես շուտով չէր կարող խելագարվել և այլն» (տե՛ս ՈՒՀ 2,282, ԳԱԹ, ԹՖ, № 646)։ Անդրադառնալով այդ կարծիքներին, բանաստեղծը նույն թվականի նոյեմբերի 29-ին Ան. Աբովյանին գրում էր. «Բայց մի շատ համառ կարծիք կա (սրանց թիվը մեծ է, և առհասարակ լուսավորվածներն են) «Լոռեցի Սաքոյի» մասին, թե նա լինելով առողջ և աներկյուղ «իգիթ», չէր կարող վախենալ քաջքերից և խելագարվել։ Ես թեև շատ պակասություն եմ խոստովանում իմ գրքում, բայց այս կարծիքին ես հավան չեմ։ Դու խո լավ գիտես, որ կան մարդիկ—իգիթ մարդիկ, որ աշխարը վրա գա — աչք չեն ճպիլ, ամա ինչ անես մեռելից, անշունչ մեռելից վախում են, սպանես՝ մի ավերակի մոտից մենակ անց չեն կենալ, և այլն և այլն» (ԵԺ V, 36)։

Այնուամենայնիվ, բարեկամների և ընթերցողների քննադատական դիտողությունները ստիպեցին Թումանյանին մտածել պոեմի էական վերամշակման, հերոսի հոգեբանական զարգացման ավելի խոր հիմնավորման մասին (թեև դրանից հետո էլ, նույնիսկ պոեմի վերջնական տարբերակի առիթով ևս քննադատները, օրինակ՝ Լեոն, Պ. Մակինցյանը, Գ. Բալասանյանը, Սաքոյի խելագարվելը համարել են «հոգեբանական անհնարություն» (մանրամասներր տե՛ս Էդ. Ջրբաշյան. Թումանյանի պոեմները, 2-րդ հրատ., 1986, էջ 113—116)։ 1893 թ. նոյեմբերին Ղ. Աղայանին գրած նամակում Թումանյանը հայտնում էր. «Ի դեպ, ասեմ, որ ետ եմ նայում հիմա և հին գրածներս ուղղում, աոաջին հատորից արդեն ուղղել եմ «Լոռեցի Սաքոն» և «Արևն ու Լուսինը»։ Եթե հիշում եք, «Լոռեցի