հետմահու։ Միայն պոեմի փոքրիկ մի հատված (43—52 տողեր՝ «Ալին ծեծեց... Ալին տարավ...») բանաստեղծը մտցրել է 1893 տպագրված «Դաշնակներ» գրքույկի մեջ։ Այսպիսով, ներկա հրատարակությունը «Ալեքի» հայերեն երկրորդ տպագրությունն է, որր կատարվում է առաջինից հարյուր տարի հետո։ Պոեմը թարգմանվել է ռուսերեն (թարգմանիչ՝ Լ. Ումանեց) և մտել է դարասկզբին հրատարակված ժողովածուի մեջ (Современные армянские поэты. Под редакцией Л. Уманца и Ар. Дервиша. М., 1903, с. 25—30): «Ալեքը», ինչպես նշվում է ԲՄ I-ում, գրվել է 1889 թ.։
Պահպանվել է պոեմի ինքնագրի մի մասը (ԹԸԱ-ում). դա այն տետրն է, որից, ամենայն հավանականությամբ, կատարվել է ԲՄ I գրքի շարվածքը։ Տետրի էջերը կիսված են երկու մասի, և մեզ հասել են միայն վարի մասերը։ Այդ պատճառով մեր ձեռքի տակ է այս պոեմի, ինչպես նաև նույն հատորի մեջ մտած մի քանի ուրիշ գործերի, ինքնագրի մի մասը միայն։ Պահպանված մասերը համապատասխանում են տպագրված տեքստի 15—26, 39—48, 62—80, 92—102, 113—122, 131—140, 152—162, 174—186, 199—210, 222—232 տողերին։ Համեմատությունը ցույց է տալիս, որ գրքի տպագրության ընթացքում հեղինակը պոեմի մեջ մտցրել է առանձին փոփոխություններ (տե՛ս բնագրային տարբերությունների բաժինը)։
«Ալեքը» հայրենի լեռնաշխարհում վաղ տարիներին բանաստեղծի դիտած իրողությունների և տպավորությունների արդյունքն է։ Լեռնային գյուղերի բնակիչների վրա կատարվող ավազակային հարձակումների, թալանի և առևանգումների, ազգային թշնամանքի ու վրիժառության դեպքերը եզակի չէին հայրենի գավառի կյանքում։ Բացի այս պոեմից, Թումանյանը այլ առիթներով ևս անդրադարձել է այդ փաստերին։ Այսպես, «Բորչալվում» ակնարկի մեջ նա հատուկ խոսում է թուրքական ավազակախմբերի մասին, «որոնք ահով ու սարսափով են անցկացել Բորչալվի վրայից», հիշատակում է նաև, որ «այս ձորերումն էլ անպակաս են եղել հայ իգիթներն ու ավազակները, որոնց ահը դեռ չի անցել» (տե՛ս Հհ, 151—152)։ Մի քանի տարի անց՝ 1898 թ. ամռան և աշնան ամիսներին Թումանյանը Թիֆլիսի «Новое обозрение» թերթում հրապարակեց իր անստորագիր թղթակցությունները՝ նվիրված Անդրկովկասի տարբեր վայրերում կատարված ավազակային հարձակումներին (տե՛ս ՈՒՀ 3, 319—333):
Հատկանշական է, որ ժամանակակիցները «Ալեքի» կերպարների մեջ տեսել են իրական նախատիպեր։ Այսպես, Տ. Վերանյանը բանաստեղծին հասցեագրած նամակում (27 դեկտեմբերի 1890 թ.) այս պոեմի մեջ նկարագրված քահանայի կերպարը ուղղակի կապել է բանաստեղծի հոր՝ Տեր–Թադևոսի բնավորության հետ (ՈՒՀ4, 295)։ Տ. Փիրումյանը վկայել է, որ Ալեքի նախատիպը եղել է Դսեղ գյուղից նույնանուն մի երիտասարդ, «մի հայտնի ավազակ» (ԹԺՀ, 346), իսկ Իս. Հարությունյանը գրել է. «Դսեղը մինչև այժմ էլ հայտնի է իր քաջասիրտ «իգիթներով»... Դսեղի