Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույնիսկ սեփական կյանքովդ օրինակ հանդիսացիր» (ՈԻՀ 4, 321-322)։ Դժվար չէ կռահել, որ Ան. Աբովյանն իր պատկերացումը կազմել է ոչ թե պոեմի ընթերցման, այլ Թումանյանի նախորդ մի նամակի (որը մեզ չի հասել) հիման վրա՝ ընդսմին սխալ հասկանալով իր նոր երկի մասին բանաստեղծի հայտնած տվյալները։ Ահա թե ինչու Թումանյանը հարկ համարեց անմիջապես պատասխանել բարեկամի անիրավացի հանդիմանությանը։ Նույն թվականի ապրիլի 17-ի նամակում, ժխտելով իր նոր պոեմի ինքնակենսագրական բնույթը, նա գրել է. «Կենդանի թաղվածը» դու զուր ես կարծել, թե իմ կյանքիցն է. ինչո՞ւ ես դու ինձ այդքան փոքրոգի կարծում — որի համար հանդիմանում ես» (Եժ V, 94)։

Սակայն ոչ 1894 և ոչ էլ հաջորդ մի քանի տարիներին Թումանյանն իր այս պոեմը հրապարակելու փորձ չի արել՝ հավանաբար այն դեռ պատրաստ չհամարելով տպագրության համար։ Նա շարունակել է աշխատել պոեմի վրա, որի նոր տարբերակն, ըստ երևույթին, ավարտել է 1898 թ. սկզբին` այս դեպքում արդեն ներառնելով նաև այն ծանր տրամադրությունները, որոնք ծնվել էին բանաստեղծի հոր՝ Տեր-Թադևոսի մահվան կապակցությամբ (մահացել է 1898 թ. հունվարի 5֊ին)։ Այդ մասին կա Դ. Դեմիրճյանի վկայությունը, որն իր հուշերում գրել է. «Հոր մասին զրույցը Թումանյանի նվիրական նյութերից էր։ Վերջում ինձ մի օր էլ նա հասկացրեց, որ «Դեպի Անհունը» պոեմի մեռած կինը նրա համար արտաքին, հնարովի պատկեր է միայն, որ նա այդ կնոջ մեջ դրել է իր որդիական սերը դեպի հայրը» (ԹԺՀ, 26)։

Դարավերջին Թումանյանն իր պոեմը կարդացել է շատերի մոտ` ցանկանալով իմանալ նրանց տպավորությունն ու կարծիքը։ Ավ. Իսահակյանը հիշում է, որ ինքը պոեմի հետ ծանոթացել է 1898 թ. սկզբներին, երբ Օդեսա աքսորվելու ճանապարհին կանգ է առել Թիֆլիսում և եղել է Թումանյանի տանը. «Երբ մնացինք մենակ, Օհաննեսը կարդաց «Դեպի Անհունը» պոեմը, որ վաղուց էր գրել, հիմա վերամշակել էր, տակավին ոչ վերջնականապես։ Ասում էր, որ պոեմի նյութը վավերական է, ճշգրիտ իրողություն։ Պոեմն ինձ վրա տպավորություն թողեց։ Անհանգիստ գիշեր ապրեցի։ Երևակայությունս հուզված էր և անհեթեթ երազներ տեսա։ Առավոտյան երազներս պատմեցի Օհաննեսին։ Նա էլ թե՝ «Սա լավ նշան է, որ պոեմս ազդեցություն է թողնում, բայց իմ պոեզիայի ոճին չի բռնում։ Խորթ զավակ է այս պոեմն ինձ համար, նյութն էլ, գրելաձևն էլ։ Բայց թող լինի, իմանան, որ ֆոլկլորից դուրս էլ կարող եմ բան գրել»։ Այս միամիտ բացատրությունը շատ զվարճացրեց ինձ» (ԹԺՀ, 10)։

Անշուշտ, որևէ հիմք չկա կասկածի ենթարկելու Ավ. Իսահակյանի այս վկայությունը։ Սակայն պետք է նշել նաև, որ այստեղ բերված Թումանյանի խոսքերը («խորթ զավակ է այս պոեմն ինձ համար») տրամագծորեն հակադիր են 1918 թ. մի զրույցի ժամանակ ասածին. «էդ պոեմը իմ մտածողության արդյունքն է» (Ն. Թումանյան, էջ 175)։ Քսան տարի անց հեղինակը կարող էր այլ կերպ (և, ավելացնենք, շատ ավելի