Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ մի ահավոր երկյուղով լցված,
Խաչակնքելով նրանք ներս մտան։
Սուրբ կամարները, սևացած արդեն,
Մի անգամ դարձյալ ծածկվեցան ծխով.
Ծխի մեջ վառվող մոմերի առջև
Ծունկ չոքած աղոթք արին երկյուղով։
Զոհը զենեցին և բաժանեցին,
30 Ապա սրբազան նըվերներ տարան
Այն աղոթարար միաբաններին.―
Մեղքի թողություն, օրհնություն առան
Բայց կատարվեցավ այլ մեծախորհուրդ
Ուխտ և ողջակեզ կյանքի հաշտության,
Փրկեց ակներև մահից մի հոգի,
Որ պիտի անմեղ կորչեր հավիտյան։
Ոչ արյուն թափվեց, ոչ հուր բարձրացավ,
Ոչ տեսանելի կանգնեցավ սեղան,
Հոգիները միայն անձայն խոսեցան―
40 Վերածնվեցավ մատաղ աբեղան.
Եվ մաշված կրծքում կրքերը մարած
Ավելի սաստիկ եռացին նորից,
Իսկ այն ընտանիքն, ուխտը կատարած,
Դուրս գնաց արդեն վանքի դռներից։

III

Մարդոց մեղքով լի շեներից հեռու,
Սուրբ անապատը գիշերվա մթնում,
Ինչպես մի հսկա, ահռելի ուրու,
Ահա կանգնած է ահավոր, տրտում։
Նրա խցերից մեկում միայնակ
50 Մի երիտասարդ, դժգույն, դալկահար,
Ձիթի ճրագի աղոտ լույսի տակ,
Անկողնում անքուն տանջվում էր երկար։
Հազիվ հեռացան հախուռն մտքերը,
Որ քունն աչքերին մոտ չէին թողնում,

54