Եթե նա չըկա, ոչինչ չեմ հարգում,
Ատում եմ և ինձ, իմ անձս միայնակ,
Ոչինչ չեմ գտնում այլևս աշխարքում―
Լոկ խաբեություն և անմիտ տանջանք․― 220
Թող այնուհետև քանդվի նա իսպառ,
Նրա երեսին էլ կյանք չըծաղկի,
Թող մեռնեն մարդիկ, թող ուտեն իրար…
Ես էլ չեմ խղճում այստեղ ոչ ոքի։
Սակայն չէ, նա կա․ անբա՜խտ ալևոր,
Կուրծքդ երևի դեռ չէ եռացել,
Մենակ է աճել հասակդ բոլոր
Եվ առանց կյանքի հանգել, ծերացել․
Բայց երբ սոսկալի առանձնության մեջ
Ինձ պաշարում է սարսափը մահու 230
Եվ ունայնության մտքերն հոգեմաշ
Ինձ երևում են տխուր, ահարկու,
Շուրջս չեմ գտնում փրկության նշան։
Իսկ մահը, կարծես, չոքել է կրծքիս,
Միմիայն խորափոս, խավար գերեզման,
Միմիայն դժոխքն է երևում աչքիս,
Նա այն ժամանակ վրա է հասնում
Ինչպես լուսավոր շողն արևլույսի,
Փարատում հոգուս մռայլությունը,
Վանում մահաշունչ մտքերն մեկուսի, 240
Կյանքի ջերմությամբ լցվում է սիրտս…
Եվ ես զգում եմ, որ այն քաղցր ու նուրբ
Զգացմունքով է կենդանի մարդս․
Բայց ափսո՜ս, որ դու չըգիտես, հայր սուրբ։
Վանահայրը
Այն սուրբ հոգին է, կամ մի սուրբ հրեշտակ,
Որ այցելում է, ո՛վ արժանավորդ,