230
— Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜…
Ձորից աղջըկա ձենն է ղողանջում։
Ու մազերն անկարգ տըված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը՝ փախած եղնիկի նըման։
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,
Թողել է էն էլ ջըրի եզերքին…
Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա… 240
— Նանի՛, վախեցի, գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծեցի՝ թուրքեր էին լողանում…
Անիծում է ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով իջնում է նա ցած՝
Դատարկ ետ բերած հին կուժը ուսին։