Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Արեգը

Գալիս եմ ես, ով անճոռնի,
Որ մեն մենակ կըռվեմ քեզ հետ,
Կըրծքումս ունիմ մի սիրտ արի,
Ձեռքիս ունիմ յոթը սուր նետ․..

Ասավ, ճայթեց զիլ աղեղը, ոռնաց վիշապն ահագին,
Թավալվելով տեղն ու տեղը, անիծելով Արեգին։
— Մին էլ զարկի՛ր․․․ մին էլ․․․ մին էլ․․․
480 Մըռընչում էր հոգեվարք։
— Ես իմ մորից մին եմ ծընվել,
Մի խոսք ունեմ ու մի զարկ։
Պատասխանեց Արեգը քաջ, փըլեց վիշապն իր հոգին
Ու արևի լույսը ցոլաց Սև աշխարհի եզերքին։

<8>

— Չըքնաղ անունով քո սեգ աղջըկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լըսի՛ր անհատակ ջըրերի խորքից,
Մըշտածուփ, անսաստ քո մըթին հարկից.
Տո՛ւր ինձ Քամի ձին, թըռչուն Քամի ձին,
490 Որ ես՝ մահացու տըկար հողածին՝
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննըման,
Ուր վարդ է թափում Բըլբուլն Հազարան։
Ա՛ռ, նըշանն ահա քո սեգ աղջըկա,
Լըսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Տուր ինձ Քամի ձին՝ հասնեմ փափագիս,
Բըլբուլը բերեմ, հասցընեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը մարդ— բանական հոգով։

էսպես կանչեց՝ ու փոթորիկն ելավ ծովից կապուտակ,
500 Մըթնեց երկինք, մըթնեց երկիր, իրար անցավ ողջ աշխարհք,