Ու ահավոր թոհ ու բոհից, անդունդներից էն մըթին
Հուր հըրեղեն իր թևերով ցոլաց կրակ Քամի ձին.
Ու մինչ վայրի սլանում էր դեպի հեռուն աշխարհի,
[Հաստավ] բըռնեց [հըզոր ձեռքով] Արեգն արագ ու արի,
Ձըգեց իսկույն ոսկի սանձը, ոսկի սանձը զորավոր,
Զըսպեց անզուսպ էն [հզորին բազկով հաստատ ու . . ․]
Դեպի վերն ձգեց <իր> ձին՝ տա արևին ու վառի,
Դեպի ներքև ուզեց [զարկի] գետինք՝ ջախջախի—
Բայց ․ ․ ․ հաղթահարված ու հընազանդ հեծվորին, 510
Լեզու առավ, մարդու նման էսպես դարձավ հըզորին.
— Ի՞նչ ես ուզում, քաջ հողածին, ո՞ւր ես ուզում՝ քեզ տանեմ.
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>
<9>
Շատ գնաց նա, թե քիչ գնաց— վերևն աստված միայն գիտի.
Ի՛նչ մարդկային միտք ու հանճար նորա ճամփեն կըչափի.
Անցավ ծովեր, սև անդունդներ, անապատներ, առապար,
Եկավ հասավ դալար մի դաշտ, այստեղ առավ նա դադար։
Դադար առավ [լեզու եղավ] ու բաց արավ իր լեզուն,
Ու խրատեց Արեգին < . . . > այն խոսուն[ն] իմաստուն. 520
— Ահա սահմանն անմատչելի կախարդական աշխարքի.
Ուր ապրում է [սեգ] տիրուհին զարմանալի այն հավքի.
Աննըման է նրա անունն— ինքն անտես, աննըման,
Կախարդել է այս աշխարքը նըրա թովչանքն ու հըման,
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>