50
Նըրանք մաշելով մարմնիս մեջ մըտան
Ու չեն ջնջվելու երբե՜ք հետքերը,
Մինչև չըթողնեմ օրվան լույսը վառ,
Ծանը՜ր, ատելի աչքերիս համար,
Որոնք չըգիտեմ, թե քանի տարի
Չեն տեսել պայծառ երեսն արևի։
Այդ տարիների չեմ հիշում թիվը.
Թողեցի նըրանց տըխուր հաշիվը
Այն օրից, ինչ որ եղբայրս վերջին
Թոշնեց ու մեռավ աչքիս առաջին։
III
60
Նըրանք սյուներին մեզ շըղթայեցին։
Մենք ջոկ-ջոկ էինք, թեև միասին,
Մենք չէինք կարող ոչ մի քայլ անել,
Ոչ իրար երես խավարում տեսնել։
Աղոտ, կապտավուն այն լույսն էլ որ կար,
Մեզ մեր աչքերում դարձըրեց օտար,
Այսպես միասին, բայց ջոկ-ջոկ կապած,
Աշխարքի ամեն բարիքից զըրկված,
Մի մըխիթարանք միայն ունեինք,
Որ իրար ձայներ իմանում էինք։ 70
Ու սըրտով կըպած, իրարից հեռու
Մենք ըսկըսեցինք սիրտ տալ իրարու
Նոր-նոր հույսերով կամ թե հին վեպով,
Կամ հերոսական անվեհեր երգով։
Սըրանք էլ սակայն պաղեցան վերջում.
Տըխուր էին մեր ձայները հընչում,
Տըխո՜ւր ու խըռպոտ, խուլ ու ահռելի՝
Պաղ արձագանքը բանտի քարերի…
IV
Մեր փոքրը, որին հայրըս սիրում էր,
Որ մեր հանգուցյալ մոր ճակատն ուներ,