Դարձա այսպես ծեր,
Որ պատահում է հանկարծ երկյուղից։
Ձեռք ու ոտներս էլ այսպես չորացան 20
Ոչ թե բանելուց, այլ գարշ հանգըստից,
Խավարչտին բանտին երբ ավար դարձան,
Զըրկված արևից, աշխարքից, օդից։
Իմ հայրը այրվեց խարույկի վըրա,
Չուզեց իր պաշտած հավատն ուրանա,
Իրեն որդիքն էլ նույն բանի համար
Օթևան գըտան բանտումը խավար։
Յոթ հոգի էինք, մընացել եմ ես։
Մեկը տարիքով, վեցն երիտասարդ,
Ինչպես սկըսան, վերջացրին նույնպես, 30
Հալածանքների սաստկությամբ հըպարտ։
Մինը կըրակում, երկուսը կըռվում
Կընքեցին իրենց հավատն արյունով,
Իրենց հոր նըման մեռան անկոտրում
Թըշնամու մերժած աստծու անունով։
Վերջին երեքը բանտն էին ձըգված,
Որոնցից ես եմ մընացել հիմի,
Հիվանդ բեկորըս մեր անբախտ տոհմի։
II
Այնտե՜ղ, հին ու խոր բանտում Շիլիոնի
Յոթը հատ սյուներ գոթական ձևի, 40
Յոթը հա՜ստ սյուներ, ծանր ու գորշագույն,
Երևում են թույլ մի շողով տըժգույն,
Որ, ասես իրեն ճամփան մոլորել,
Պատի արանքից պատահմամբ ընկել,
Խոնավ հատակին խաղում է տըխուր,
Ինչպես ճահճային աղոտ մոլեհուր։
Ամեն սյունի մեջ այնտեղ մի օղ կա,
Եվ ամեն օղակն ունի մի շըղթա։
Սոսկալի բան է երկաթի շըղթան.
Ուտում են նըրա ժանգ–ժանիքները.