Ճաշակելով ճաշակեցի զսակաւ մի մեղր, և ահա մեռանիցիմ ես։ Ա ԳԻՐՔ ԹԱԳ.
I
Սըրանից առաջ մի քանի տարի,
Այնտեղ, ուր Արագվ ու Կուր գետերի
Ջըրերն աղմուկով խառնըվում իրար,
Գըրկվում են երկու քույրերի նըման,
Կար մի մենաստան։ Կարող է այժմ էլ
Անցորդը սարի ուսերից տեսնել
Քանդված դռների կանգուն սյուները,
Վանքի կամարն ու աշտարակները։
Բայց անուշահոտ ծուխը բուրվառի 10
Էլ չի վերանում կամարի տակին
Եվ ոչ լսվում է աղոթողների
Երգը գիշերվա ուշ ժամանակին։
Այժըմ մեն–մենակ զառամյալ մի ծեր,
Ավերակ վանքի պահնորդ կիսամեռ,
Ընկած մտքիցը մարդկանց ու մահի,
Սրբում է փոշին շիրմաքարերի,
Որոնք պատմում են անցած դարերի,