«Կուզե՞ս իմանալ, թե ես ինչ արի
Այն երեք օրում։— Ազատ ապրեցի,
Եվ կյանքըս առանց այն երեք օրի
Քո ուժից ընկած ծերույթից էլ դեռ
Ավելի տըժգյուն, տըխուր կըլիներ։
Մտքումըս վաղո՜ւց, վաղուց դրել եմ՝
Մի անգամ արձակ դաշտերին նայեմ, 220
Տեսնեմ՝ աշխարհը սիրո՞ւն է արդյոք,
Ինչո՞ւ ենք, տեսնեմ, գալի մենք աշխարհ,
Ազատ ապրելո՞ւ, թե բանտի համար։
Եվ այն գիշերվա սոսկալի Ժամին,
Որոտմունքն երբոր վախեցրել էր ձեզ,
Սեղանի առջև երբոր խըմբովին
Ընկել էիք դուք խըռնըված այնպես,
Ես վանքից փախա։ Օ՜, ինչպես եղբայր,
Կուզեի գըրկել մըրրիկն հողմազայր.
Աչքերս ամպերի ետևից տանում, 230
Ձեռքով շանթ էի բռնել ցանկանում․․․
Դե՛ ասա, հայրիկ,
Ինձ այս պատերում ի՞նչ պիտի տայիք
Իմ փոթորկալի սըրտի և ահեղ
Այն որոտմունքի մտերմության տեղ․․․
IX
«Երկար վազեցի, թե ուր կամ որտեղ,
Այդ ես չըգիտեմ։ Եվ ոչ մի աստըղ
Իմ դժվար ճամփան չէր լուսավորում։
Միայն բերկրությամբ շունչ էի առնում
Իմ վաստակաբեկ ու հոգնած կրծքով 240
Այն անտառների թարմությունը զով։
Երկար վազեցի, վերջապես հոգնած
Բարձր խոտերում ընկա ու պառկած
Ականջ դըրի ես. հետևող չըկար։