310
Այնքա՜ն էր լեցուն ջինջ կապուտա՛կով,
Որ ես նըրա մեջ հայացքով, հոգով
Սուզվեցի, կորա, մինչև իր շոգով
Իմ ցնորքները կեսօրը ցըրվեց,
Ու ինձ ծարավը տանջել սկսեց։
XII
«Այնժամ բռնելով ճկուն թփերից,
Դեպի հեղեղատն անդունդի եզրից,
Մի սալից մի սալ, որքան ուժըս կար,
Սկըսա իջնել։ Երբեմըն մի քար
Ոտներիս տակից պոկվելով հանկարծ, 320
Գըլորվում էր ցած.
Թռչում էր ներքև դղորդ հանելով,
Ետևից ակոս, փոշի անելով
Ու կուլ էր գնում ջրի ալիքին։
Ես կախված էի— անդունդն իմ տակին։
Բայց ջահելությունն ուժով է լինում,
Մահվան երկյուղը ինձ չէր վախեցնում։
Հենց իջա տակը այն սեպ-սեպ ժայռի,
Երեսիս փըչեց լեռնային ջըրի
Զով թարմությունը, և իսկույն ագահ 330
Նըրա սառնորակ ալիքին ընկա։
Հանկարծ մի շըշուկ, ոտնաձայն թեթև․․․
Իսկույն թաքչելով թըփերի ետև,
Ամբողջ բռնըված ակամա դողով,
Երկչոտ հայացքս վեր քաշած վախով
Ես ականջ դընել սկսեցի ագահ.
Եվ մոտենալով հընչում էր ահա
Մատաղ վրացուհու ձայնը պատանի,
Այնպե՛ս բնական, այնպե՜ս կենդանի,
Այնպե՛ս քաղցր, ազատ, որ կարծես թե նա 340
Սիրելի մարդկանց անվան հընչյուններ
Միայն կանչելու սովորած լիներ։